Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն ամբողջ կյանքում է հացադուլ արել՝ պարբերաբար՝ որպես քաղաքական դիրքորոշման, ընդվզման դրսևորում։
Նոյեմբերի 15-ից՝ ժամը 20։00-ից, անժամկետ հացադուլ է սկսել՝ ի նշան «Նիկոլ Փաշինյանի ապօրինի, կոռուպցիոն գործողությունների դեմ բողոքի»՝ հայտարարելով. «Իրավական Հայաստանում իրավապահները պարտավոր են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Կուսակցությունների մասին սահմանադրական օրրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը խախտելու համար»։
ԱԻՄ առաջնորդը հացադուլի 4-րդ օրը եկել էր Արդարադատության նախարարություն։ Նա հանրային ուղերձով դիմեց Սրբուհի Գալյանին։
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի իր մշակած նախագիծը դեռ 2024-ի գարնանն է Պարույր Հայրիկյանը փոխանցել նախարարությանը, բայց առ այսօր ոչ մի պատասխան չի ստացել։ Այսօր էլ փոխանցել է Սրբուհի Գալյանին ուղղված մեղադրանքների տեքստը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ խորհրդականը մոտեցավ Հայրիկյանին, ասաց, որ նախարարը խորհրդակցությունից հետո կհանդիպի նրա հետ։ Քիչ անց բարձրացան նախարարություն։ Հանդիպումից 2 ժամ անց Պարույր Հայրիկյանը Mediahub-ին հայտնեց, որ Սրբուհի Գալյանի հետ հանդիպել է, խոսել են նախարարությանն ուղարկած սահմանադրական բարեփոխումների հայացակարգի իր մշակած նախագծի մասին։
Պարզվում է՝ փաստաթուղթը Գալյանը չի ստացել։
Պարույր Հայրիկյանը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը նորից կուղարկի Արդարադատության նախարարություն և հացադուլը կշարունակի։
Հիշեցնենք, որ գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։ Հայրիկյանը պարբերաբար բողոքել է, որ իշխանությունները պարտավոր էին այդ հայեցակարգը ներկայացնել հանրությանը և կասկած է հայտնել, որ դրանով ընդառաջ են գնացել Փաշինյանի՝ պետք է նոր սահմանադրություն ընդունել որոշմանը։
Հայրիկյանը նաև կոռուպցիոն հանցագործության մասին Գլխավոր դատախազությանը հաղորդում էր ներկայացրել, ըստ որի՝ խախտվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ ներկայացնելու ժամկետը, 200 մլն դրամից ավելի գումար անարդյունք ծախսվել է։
