Միջանձնային հարաբերություններում ոչ մի բան այնքան չի զրկում մարդուն ինքնասիրությունից ու արժանապատվությունից, որքան մերժումը։ Երբեմն նման դեպքերում մերժվածը վերածվում է «փալասի» ու կորցնում սեփական ես-ի նկատմամբ հարգանքի վերջին նշույլները։
Ահա նման մի իրավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, երբ դրսից «վայելում» է Ալիևի ու Էրդողանի ճնշումները, իսկ ներսում արժանանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արհամարհանքին։ Ինչպես անհույս սիրահարվածը, որն ամբողջ գիշեր տանջվում է անքնությունից, իսկ առավոտյան առաջին պատկերը, որը հայտնվում է նրա աչքերի առջև, իրեն մերժողն է, ճիշտ այդպես էլ Նիկոլ Փաշինյանն է արթնանալուն պես բարբաջում բանավեճի մասին։ Ու որքան մերժվում է, այդքան կորցնում է ադեկվատությունը։
Սակայն մանիպուլացնելով «սնուցող մայրերին» ու «նահապետ հայրերին»՝ նա հընթացս կեղծում է իր սեփական կենսագրության դրվագները։ Այսօր իր հերթական գրառմամբ նա հռետորական հարցադրում է անում, թե մինչև 2018 թվականն ի՞նչ գործ ունեին 18 տարեկան զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։ Ակնհայտորեն նկատի ունի Արցախը։ Թերևս առանց խորանալու բացատրությունների մեջ, քանի որ կստացվի արդարացում՝ դավաճանին բնորոշ նման արտահայտություններին, ընդամենը կանեմ մի քանի հարցադրում իմ կողմից։
Եթե Արցախը համարում էիր օտար, քո ձևակերպմամբ՝ Ադրբեջանի մաս ու ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս, որի համար ՀՀ քաղաքացին չպետք է պայքարեր ու ունենար որևէ պարտավորություն, ապա ինչպե՞ս կբացատրես 2016 թվականի ապրիլյան քառօրյային զենքը ձեռքիդ նկարը, որ իբր մեկնում ես Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին։ Իհարկե, դու որևէ գործողության չես մասնակցել, այդ նկարը սոսկ փիառ էր, որովհետև դու սովոր ես մարդկանց ողբերգությունների վրա կառուցել «հայրենասերի կերպարդ», այնուհետև դահլիճներից ցուցադրաբար խոնարհվել՝ ստեղծելով նահատակներին մեծարողի պատրանք։ Չի կարող մարդը մեծարել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսներին, երբ իրական «հերոս» է համարում հարկատուներին։
Եթե Արցախն օտար էիր համարում, ապա 2020 թվականի 44-օրա պատերազմի ժամանակ ինչո՞ւ թույլ տվեցիր կնոջդ ստեղծել «Էրատո» ջոկատը ու հոլիվուդյան ֆիլմերին բնորոշ նկարները տարածել ամենուր կամ ինչո՞ւ թույլ տվեցիր նրան մտնել «օտար» պետության ռազմական բունկեր ու խառնվել «Ադրբեջանի ներքին գործերին»։ Ո՞րն էր իրական պատճառը որդուցդ՝ Աշոտից կերտել մի «քաջյաց քաջ», որը արցունքն աչքերին հետևում էր մեր «նահանջող» բանակին ու գրոհի կոչ անում։ Պատճառը մեկն է՝ այսօր այն «սնուցող մայրերի» ու «նահապետ հայրերի» վրա ծախելը ու Աշոտից ստանալ նորօրյա Զորավար Անդրանիկ, քանի որ նման մի դրվագ կա վերջինիս կենսագրությունում։
Կամ եթե նախկին նախագահներին մեղադրում ես, թե ի՞նչ գործ ունեին 18 տարեկան զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս, ապա ինչո՞ւ պատերազմի ժամանակ ընդհանուր զորահավաք հայտարարեցիր ու կոչ արեցիր, թե «ով տանը զրահաբաճկոն ու սաղավարտ ունի» թող վերցնի ու մեկնի ռազմաճակատ։
Իհարկե, մարդիկ ռազմաճակատ են մեկնել առանց քո կոչին սպասելու, քանի որ իրական հայրենասերներն ու իրական հերոսները որևէ մեկի կոչի կարիքը չունեն, բայց եթե դու երեսպաշտ ու կեղծավոր չէիր, ապա այսօր նախկին նախագահներին մեղադրելու փոխարեն այն ժամանակ հայտարարեիր, որ Արցախը մեզ օտար է, մեր հայրենիքը չէ, դուրս է ՀՀ ինքնիշխան տարածքից ու դուրս բերեիր և’ 18 տարեկան զինծառայողներին, և’ սպայական անձնակազմը, և’ կամավորներին ու պահեստազորին էլ հավելյալ չուղարկեիր։ Թե՞ քեզ զոհեր էին պետք, հազարավոր զոհեր, որպեսզի քո իսկ խոստովանությամբ՝ քեզ դավաճան չանվանեին։
Կամ հայտարարում ես, որ Հայաստանի նախագահներից ոչ ոք չի ընտրվել, ու սկսած 1996 թվականից կեղծվել են ընտրությունները։ Բա եթե այդպես է, եթե 1996 թվականը համարում ես ընտրակեղծիքների հիմքը, ապա ինչո՞ւ «սնուցող մայրերին» ու «նահապետ հայրերին» չես պատմում, թե ինչպես էիր 2008 թվականին քծնում Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես դարձար շտաբի անդամ, ինչպես ՀԱԿ-ի ցուցակով ընտրվեցիր ԱԺ պատգամավոր՝ փակելով բազմաթիվ արժանավոր այլ անձանց ճանապարհը, որոնք գնալով խորհրդարան չէին ուրանա այն մարդուն, ում շնորհիվ ստացան մանդատը ու չէին լքի խմբակցությունը, այլ կփորձեին իրոք օգուտ բերել թե’ Հայաստանի, թե’ Արցախի Հանրապետություններին։
Բա ասա էդ ամեն ինչը, փորձիր արդարանալ, փորձիր բացատրել «սնուցող մայրերին» ու «նահապետ հայրերին», թե չէ կպել ես բանավեճ հա բանավեճ, ախր իրեն հարգող ՀՀ ո՞ր մի նախկին նախագահը կսեղմի քո ձեռքը, էլ ուր մնաց բանավիճի։
Կարեն Կարապետյան