2025 թվականից Երևանում աղբահանության վճարը թանկացել է՝ նախկինում աղբաբահանության գումարը սահմանվում էր մեկ անձի շնչով, սակայն արդեն քառակուսի մետրով է հաշվարկվում։
Տարիներ շարունակ աղբահանության վճարը մեկ անձի համար եղել է 200 դրամ, այժմ մեկ քառակուսի մետրի համար՝ 13 դրամ։
Այս որոշումը շատ մեծ քննարկման առիթ է դարձել, քանի որ շատ քաղաքացիների համար, մեղմ ասած, տարօրինակ է, թե ինչո՞ւ միայնակ մարդը, ով ապրում է, օրինակ, երկու սենյականոց բնակարանում պետք է վճարի նույն չափը, ինչ և բազմամարդ ընտանիքը։
Բնականաբար, քաղաքային իշխանությունների կողմից սույն որոշումը ներկայացվեց դրական լույսի ներքո, այնինչ շատ հարցեր կան, որոնք դեռ բաց են մնացել, և դրանցից մեկն այն է, թե, օրինակ, ինչպե՞ս են վճարելու այն քաղաքացիները, ում տունը ԴԵՌ սեփականաշնորհված չէ և ինչպե՞ս է այդ գործընթացը կարգավորվելու-վերահսկվելու։
Տրամաբանական է, որ եթե տունը սեփականաշնորհված չէ, ուրեմն նաև չափագրում արված չէ։ Հետևապես, ինչպե՞ս է կատարվելու վճարը աղբահանության համար:
MediaHub-ը այս հարցերն ուղղեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանին, և վերջինիս պատասխանից հասկանալի է դառնում, որ այս հարցով գործող որոշում չկա.
«Եթե մարդը սեփականության վկայական չունի, կադաստրով չի երևում՝ էդ կտորը բաց է։ Մեծ հաշվով ժամանակին էլ էր բաց, երբ մարդ չկար, չէր ներկայանում, որ բնակվում է այդ հասցեումև փաստացի մենք չէինք կարողանում իմանալ, օրինակ, եթե ինքը Վարդենիս էր գրանցված, բայց Երևան էր ապրում»,- մեզ հետ զրույցում նշեց նա։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը, հղում անելով Վիճակագրական կոմիտեի 2023-ի տվյալներին, նշել էր, որ Երևանում 251 635 բնակարան կա, որից 52 641-ը՝ մեկ, 85 073-ը՝ երկու, 91 829-ը՝ երեք, և 22 092-ը՝ չորսսենյականոց և ավելի։
«Միջինում մեկ սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաններում ապրում է 1-3 անձ։ Եվ եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, փոփոխության դեպքում վճարումը կկազմի 455 դրամ, այդ նույն սկզբունքով երկուսենյականոցի համար 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 1200 դրամի փոխարեն՝1287 դրամ։ Սա վերաբերում է բնակարաններին։ Իսկ անհատական բնակելի տների մասով աճը մի փոքր ավելի է լինում. միջինում՝ 180 դրամ»,- հերթական հեղափոխական փոփոխությունը ներկայացնելիս ասել էր Հակոբյանը։
Ստացվում է, որ, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում 100 քմ բնակարան ունեցող միայնակ բնակվող քաղաքացին, նախկին 200 դրամի փոխարեն աղբահանության համար կվճարի 6,5 անգամ ավելի թանկ։ Իսկ ահա այն «հաջողակները», որ ԴԵՌ չեն սեփականաշնորհել իրենց բնակարանը, ժամանակավորապես փրկված են...
Էմմա Մարտիրոսյան