Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դիմաց 30-ամյա վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Գրետա Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Խաչիկյանը և Գոռ Աբրահամյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Send