«Հրապարակ» թերթը գրում է.
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման հիմնադիրները, անդամները մարզերում, համայնքներում ակտիվ խմբեր են ձեւավորում, փնտրում-հավաքագրում են մարդկանց: Ամենուր 4-5 հոգանոց խմբեր են ձեւավորվում, որոնք փորձելու են շարժումն առավել մասշտաբային դարձնել։ Համացանցում շուրջօրյա գովազդ է միացված, որը կոչ է անում մարդկանց միանալ «Մեր ձեւով» շարժմանը:
Բնականաբար, նաեւ գրասենյակներ են վարձում, քննարկումներ, հավաքներ են կազմակերպվում, մարդկանց են նաեւ աշխատանքի ընդունում կամ նրանց նվազագույն ծախսերը հոգում` նման գործընթացն առանց ֆինանսների հնարավոր չէ իրականացնել: Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը խոչընդոտելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության պետպատվերների ոլորտը հրավտանգ վիճակի հասցրած առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է։
Ըստ փոխնախարարի հայտարարագրի՝ ամուսինը ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ԿՎ ՕԳՎ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ է։
Հնարավոր է՝ հենց ամուսինն էլ նրան փրկի հետագա պատասխանատվությունից։
Նանուշյանի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ չափահաս որդին՝ Սերգեյ Մխիթարյանը, աշխատում էր ՄԱԿ-ի ՄԶԾ-ում։ Այժմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, որդին աշխատում է «Գլոբալ հիմնադրամ»-ում։
«Հետք»-ը վաղուց հոդված էր հրապարակել, որ «Հայաստանը կորցրել է կես միլիոն դոլար, եւ մոտ 150 հազար դոլարի դեղորայք ժամկետանց է դարձել»:
Նշվում էր, որ «Գլոբալ հիմնադրամի» ծրագիրն իրականացվել է բազմաթիվ չարաշահումներով: Մասնավորապես, մեկուկես տարի շարունակ ծրագրից աշխատավարձ է ստացել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը:
Թե ինչպես է փոխնախարարի որդին հասել չարաշահումներով հայտնի գրասենյակ, պարզ չէ»։
«Հրապարակ» թերթը գրում է.
Շվեդիայի քաղաքացի Գեւորգ Նալբանդյանը ձեռք է բերել ՀՀ խոշորագույն ծխախոտի գործարանը՝ «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ-ն: Զանգահարեցինք «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ՝ ճշտելու լուրի իսկությունը: «Իհարկե, սեփականատերն ինքն է»,- պատասխանցին մեզ, սակայն այլ հարցեր չցանկացան լսել: Գեւորգ Նալբանդյանը, հիշեցնենք, հայկական «Hayways» ավիաընկերության սեփականատերն է: Այն ավիաընկերության, որին պատկանող «Բոինգն» առեւանգվել ու տարվել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, որից հետո Հայաստանը հայտնվեց ավիացիոն սեւ ցուցակում:
Համացանցում բացակայում է Գեւորգ Նալբանդյանի լուսանկարը, չնայած նա Հայաստանի մեծահարուստներից է: Նալբանդյանի անձն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ նրա անվտանգության համակարգը ղեկավարում է ԱԱԾ տնօրենի` 2003-2010 թթ․ տեղակալ Արմեն Դարբինյանը:
Ի դեպ, կառավարությունը 24 թ. հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «Արմենիան Տոբակո Քոմպանիին»: