Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն առաջարկում է հավանություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 44 հասցեում գտնվող «Երևանի Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման (դեպո) մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման ծրագրին։ Խոսքը, նկատենք, ժողովրդին հայտնի տրոլեյբուսի պարկի մասին է։
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։
Ծրագրի համար Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից կհատկացվի մինչև 955 մլն 276 հազար 5 հարյուր դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ վարչական մասնաշենքը կառուցվել է 1950-ական թվականներին և առ այսօր չի հիմնանորոգվել: Շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում: Վարչական շենքի արտաքին սալիկապատումը մասամբ քայքայվել և թափվել է և այն թողնում է կիսավեր շինության տպավորություն, որը նաև վտանգ է ներկայացնում մարդկանց համար: Դեպոյի տանիքը քայքայված է, և անձրևաջրերը ամբողջությամբ անարգել հոսում են ներս՝ անհնարին և վտանգավոր դարձնելով տրանսպորտային միջոցների վերանորոգումը և սպասարկումը:
Վահե Մակարյան