«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարկառուն քպականներից մեկը, որ պարբերաբար աչքի է ընկնում, այսպես ասենք, ոչ համեստ պահվածքով (սա՝ մեղմ ասած), սոցցանցային գրառում է արել, որն ուղղակի իդեալական... ինքնաբնութագիր է: Նկատի ունենք ոչ միայն իր, այլև նրա ներկայացրած թիմի նկարագիրը:
Եկեք միասին զմայլվենք. «Դու զբաղվում ես քաղաքականությամբ, հակառակ կողմում՝ շառլատանությամբ, խաբեությամբ, դու խոսում ես ճշմարտություններից, ի պատասխան հնչում է հայհոյանք, անեծք, դու պատասխաններ ես պահանջում, քեզ զրպարտում են, վիրավորում, դու ուղիղ իրենց աչքերի մեջ ես ասելիքդ ասում, քեզ լռեցնելու համար թիրախավորում են ընտանիքդ, ընկերներիդ»։ Ամբողջը չմեջբերենք, մենք մեր ընթերցողին հարգում ենք...
Բայց այսքանն էլ բավական է արձանագրելու՝ ինչպիսի անթերի... ինքնաբնութագրում: Հարկավ, հեղինակը նշվածով ցանկացել է իրենց ընդդիմախոսներին «կպնել», բայց մեկին՝ մեկ, միլիմետրական ճշգրտությամբ տվել է ՔՊ-ի, քպական իշխանության ու դրա ներկայացուցիչների գործելակերպի ու վարքագծի նկարագիրը:
Եվ իսկապես, այդ իշխանության ներկայացուցիչներին երբ որևէ մեկը ասում է ճշմարտություններ, անմիջապես հաջորդում է անվանարկող, պիտակավորող արտահայտությունների հրաբուխ՝ ֆեյքերին ու չֆեյքերին տրված «ֆաս» հրահանգով: Իսկապես էլ, նրանք ոչ թե քաղաքականությամբ են զբաղված, այլ բացառապես իշխանությունը պահելով, թշնամանք ու ատելություն հրահրելով, սուտ խոսելով, մանիպուլ յացիայով, մի խոսքով՝ «խաբեությամբ»: Հա, մի տարբերությամբ, իրենք հակառակորդներին լռեցնելու համար ոչ միայն թիրախավորում են «ընտանիքը, ընկերներին», այլև ուղղակի բանտ են նստեցնում:
Չէ, սխալ կլինի ՔՊ-ին տրված, մեջբերված նման համապարփակ բնութագրի փայլը նսեմացնել հավել յալ մեկնաբանություններով: Ավելի լավ, քան քպականն է դա արել, դժվար կլինի անել...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայրենի իշխանությունների ներսում լարված մթնոլորտ է. բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ արդյունք կլինի սեպտեմբերի 20-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլորը իրար դեմ են պայքարում, որպեսզի կարողանան հայտնվել ՔՊ վարչության քսանյակում: Իշխանության ներկայացուցիչներն ամեն բան թողել են ինքնահոսի ու քարոզչական աշխատանքներով են տարված: Ժամանակը մոտենում է, պետք է հասցնել, ամեն բան անել ՔՊ վարչության նոր կազմում լինելու համար: Անգամ ԱԺ նիստերի ընթացքում քննարկված 3 տասնյակից ավելի օրինագծերը քվեարկելու համար համապատասխան թվով պատգամավորներ ՔՊ-ից չեն հավաքվում, որպեսզի քվեարկություն իրականացնեն:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ վարչության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես միշտ, ամեն բան թողել է ինքնահոսի, ու որեւէ ՔՊ-ական չի կարողանում հասկանալ, թե ինքն արդյոք հաղթահարելու է անցողիկ շեմը վարչության նոր կազմում լինելու համար, թե ոչ:
Այս պահին բոլորի գլխին սուր է կախված, անգամ այն կարկառուն ՔՊ-ականների, որոնք Փաշինյանի վստահելիներն են: Վարչությունում անորոշ ու լարված վիճակ է:
Նշենք, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյան մարզահամալիրի դահլիճում. այն հեռարձակվելու է ուղիղ եթերով: Ըստ տեղեկությունների՝ սպասվում են բավականին երկարատեւ ընտրություններ»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող թիմում սրտատրոփ սպասում են, թե առաջիկա ընտրություններին ընդառաջ ում է զոհաբերելու Նիկոլ Փաշինյանը։ Ասում են, որ ներքին քննարկումների ժամանակ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իրենցից ակնկալում է խաղաղություն եւ «ներքին առողջացում»։
Ասել է, որ իրենց ներել են պատերազմն ու պարտությունը, ուստի, եթե վաշինգտոնյան հռչակագիրը կարողանան հմտորեն օգտագործել, թե խաղաղություն ենք բերել Հայաստանին, ապա իշխանության «ներքին առողջացման» հարցը մնում է խնդրահարույց՝ ժողովուրդը տեսնում, լսում է պաշտոնյաների սրընթաց հարստացման, չարաշահումների, նոր օլիգարխների մասին, մամուլում տասնյակ հրապարակումներ կան ոմանց կոռուպցիոն գործարքների, կասկածելի կապերի մասին։
Բոլորը հասկացել են, որ Փաշինյանը մի քանի խոշոր «ձուկ» պետք է գլխատի, որ նախընտրական քարոզչական խաբկանքն ամբողջանա։ Եթե մինչեւ վերջերս խոսվում էր, որ առաջին զոհը լինելու է Տիգրան Ավինյանը, ապա հիմա նրա մասին զգուշորեն են խոսում, ասում են՝ Ավինյանը հասկացրել է, որ իրեն ձեռք տալը չեն մարսի։