Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ովքեր են ընդգրկված նախընտրական շտաբում, Հոգեւորականների գործերով հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի 12 հոգեւորականներ, ինչպես նաեւ թեմի երեք վարչական աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Նրանց մի մասը հետագայում ազատ է արձակվել, իսկ մի քանիսը գտնվում են կալանքի տակ։

Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված մի քանի հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։ Ձերբակալվել էր նաեւ Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը. վերոնշյալ հոգեւորականներից երեքը մինչ օրս մնում են կալանքի տակ։

Ներկա պահին կալանքի որոշումների բողոքարկումները գտնվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ սպասվում են հետաքրքիր զարգացումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբանների հետ զրույցում պարզել է, որ հոգեւորականների կալանավորումը հիմնված է ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա։ Փաստաբանների կարծիքով՝ դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի կալանքի որոշումները՝ կիրառելով խափանման այլ միջոցներ, քանի որ հակառակ դեպքում ընթացող գործընթացները հնարավոր չէ իրավական անվանել։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում բյուջետային լսումների ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ ՀՀ-ում ներկայումս ավելի շատ կալանավորներ կան, քան դատապարտյալներ։ Սա վկայում է այն մասին, որ հաճախ մարդկանց, դեռեւս չապացուցված մեղքով, կալանքի են տանում, եւ միայն դրանից հետո է սկսվում դատաքննությունը, որի ընթացքում շատ գործեր ավարտվում են արդարացումներով կամ կալանավորների ազատ արձակումով։

Իրավապաշտպանները եւ փաստաբանները հույս են հայտնում, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի կալանքի իրավական հիմնավորումների բացակայությունը եւ կկայացնի արդար եւ համաչափ որոշում»։


«Հրապարակ» թերթը գրում է․

Վերջերս ՔՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թ. ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։ Պարզվում է, շտաբի մյուս անդամներն էլ են Փաշինյանի վստահելիները՝ քիչ բացառությամբ։

Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան «գանձապահ», «Հայկական ժամանակի» նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, որը նաեւ ի պաշտոնե մարզպետների «վերակացուն» է։ Եվ Երեւանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաեւ ՔՊ-ում են խոսում։ 


«Հրապարակ» թերթը գրում է․ 

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ անդամ Հայկ Սարգսյանի միջեւ երեկ «դեբոշ» է եղել՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ կառավարության այլ անդամներ, կրքերը թեժացել են, երբ Հ․ Սարգսյանը դիմադրել է եւ չի կատարել Քոչարյանի պահանջը` հեռացնել իր նոութբուքը։

Քոչարյանն ասել է՝ եթե հեռախոսները հավաքում եւ տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա, նույն տրամաբանությամբ, սենյակում նոութբուք էլ չպիտի լինի, սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ է իր նոութբուքով գնում: Սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել եւ պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը՝ միանալով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից եւ վերադարձել առանց նոութբուքի:

ՔՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են: Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես «եփել», որ մերժեն իր հեղինակած նախագիծը՝ փողով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ կարճ ժամկետով ծառայելու վերաբերյալ։ Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքր-ինչ ձեւափոխված օրակարգ բերել, սակայն ՔՊ-ում կրկին դիմադրել են: Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին, ու հիմա սպասում է պատասխանի։

Send