Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան երեքշաբթի օրը հայտարարել է, որ լուծարել է խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը։
«Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը լուծարվում է», - ասվում է նախագահի հրամանագրում, որը նախագահի գրասենյակը հրապարակել է սոցիալական ցանցերում։
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան լքել է երկիրը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին և ընդդիմության առաջնորդ Սիտենա Ռանդրիանասոլոնիակոյին։
Սահմանադրության այս հոդվածի համաձայն՝ նախագահն իրավունք ունի լուծարել Ազգային ժողովը՝ վարչապետին տեղեկացնելուց և Սենատի (խորհրդարանի վերին պալատ) և Ազգային ժողովի նախագահների հետ խորհրդակցելուց հետո։
Ավելի վաղ Ռաջոելինան հայտարարություն էր հրապարակել, որում նշել էր, որ լքել է երկիրը՝ իմանալով իր դեմ մահափորձի նախապատրաստման մասին։ Նրա խոսքով՝ դրա հետևում կանգնած է այսպես կոչված «Z սերնդի» բողոքի ցույցերին աջակցող բանակային խմբակցությունը։
«Մենք զանգահարեցինք նախագահի գրասենյակ, և նրանք հաստատեցին, որ նա լքել է երկիրը», - Ռանդրիանասոլոնիյկոն Reuters-ին ասել է։ Նա ասել է, որ Ռաջոելինան լքել է երկիրը, երբ զինվորականները միացել են բողոքի ցույցերին։
Հոկտեմբերի 13-ի երեկոյան Facebook-ում հեռարձակված ուղերձում Մադագասկարի նախագահը հաստատել էր, որ լքել է երկիրը։ Նա բացատրել է, որ դա արվել է իր կյանքը պաշտպանելու համար։ Նա չի բացահայտել իր ճշգրիտ բնակության վայրը, բայց նշել է, որ «թույլ չի տա, որ Մադագասկարը ոչնչացվի»։
Դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ռաջոելինան հրաժարվում է հրաժարական տալ։
Ըստ գործակալության՝ Ռաջոելինան կղզին լքել է ֆրանսիական ռազմական ինքնաթիռով՝ համաձայնեցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
