Դատական դեպարտամենտից այսօր, լույսը դեռ չբացված, ավետեցին, որ այսօրվանից գործարկվում է Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը։ Սա նշանակում է, որ օգոստոսի 25-ից Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով:
Այդ «պետք է» բառը նշանակում է, որ այլևս թղթային տարբերակով չեն կարող այդ գործողությունները կատարել, միայն էլեկտրոնային եղանակով։ Իսկ էլեկտրոնային համակարգը, ինչպես Հայաստանում նոր ներդրվող գրեթե ամեն բան, նորմալ չի աշխատում։ Բազմաթիվ փաստաբաններ արդեն իսկ ահազանգում են, որ նոր գործարկված էլեկտրոնային համակարգով չեն կարողանում հայցադիմում, բողոք, պատասխան ներկայացնել կամ որևէ այլ գործողություն անել, քանի որ խնդիրներ է տալիս համակարգը։ Զանգել են հարցերի համար տրամադրված հեռախոսահամարներով, որոնցից մեկը արդարադատության նախարարության թեժ գծի համարն է, մյուսը՝ Դատական դեպարտամենտից ինչ-որ համար, և երկու տեղից էլ ընդունել են, որ համակարգը, այո, խնդիրներ ունի։
MediaHub-ը ևս զանգահարեց նախ՝ Դատական դեպարտամենտի երկու տարբեր համարներով, ապա՝ արդարադատության նախարարություն, որ հասկանանք՝ ինչո՞ւ է համակարգը խնդիրներով գործում։ Դատական դեպարտամենտից մեր զանգերին պատասխանեցին Համակարգչային ծառայության ինչ-որ գլխավոր մասնագետներ, որոնք վախվորած պատասխաններ տվեցին, թե իրենք կապ չունեն, չեն կարող պատասխանել մեր հարցերին, հետո խոստովանեցին, որ խնդիրներ կան, որովհետև՝ «առաջին օրն է, և առաջին օրով կարող է խնդիրներ լինեն, որովհետև ծրագրային խնդիրները դեռ ամբողջովին լուծված չեն» և այսպես շարունակ։ Իսկ թե ինչու լուծված չեն, ինչու կան այդ խնդիրները, Դատական դեպարտամենտից մեր զրուցակիցն ասաց՝ ինքը տեխնիկապես չի տիրապետում, թե այդ ծրագիրն ինչպես է գրված, ինչու են այդ խնդիրները առաջանում, միայն նշեց, որ առավոտից ով զանգել է իրենց ու ասել, որ խնդիրներ կան համակարգում, իրենք այդ խնդիրները արձանագրել են, որ հասկանան՝ ով ինչպես է այդ խնդիրների լուծում տալու, բայց իրենք ի զորու չեն որևէ հարց լուծելու կամ որևէ խնդիր լուծելու։
Հետո առաջարկեցին զանգահարել Համակարգչային ծառայության պետ Խորեն Պետրոսյանին, որ նա պատասխանի մեր հարցերին։ Նրա փոխարեն, սակայն, մեկ զանգին պատասխանեց այլ ավագ մասնագետ, որը նախ զարմացավ՝ «ո՞նց չի աշխատում համակարգը», հետո ասաց, թե լավ էլ աշխատում է, բայց խոսոտվանեց, որ խնդիրներ, այո, կան, որովհետև առաջին օրն է, ու «հնարավոր չէ, որ նոր ստեղծված համակարգը իդեալական աշխատի»։
Ինչևէ, այս մի մասնագետն էլ ի զորու չէր մեր հարցերին լիարժեք պատասխան տալ, ուստի նա էլ իր հերթին մեզ առաջարկեց զանգահարել արդարադարության նախարարություն։ Նախարարությունից, սակայն, զարմանալիորեն մեզ ասացին, որ առաջինը մեզնից են լսում, որ համակարգը խնդիրներ ունի և առաջին օրով նորմալ չի աշխատում։ Ասացին՝ կճշտեն թեժ գծից, թե արդյոք համակարգի հետ կապված բողոքներ եղե՞լ են, թե՞ ոչ, ու կպատասխանեն։ Ճշտելուց հետո պատասխանեցին, որ թեժ գծին զանգեր այս հարցով, այո, եղել են, բայց դրանք եղել են հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր, իսկ համակարգը այս պահին էլ նորմալ աշխատում է։
Որոշ ժամանակ անց էլ մեզ հետ կապ հաստատեցին նաև Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից՝ պարզաբանելու խնդրի էությունը, որով դարձյալ խոստովանում են, որ համակարգում, այո, խնդիրներ կան՝ դրա համար բերելով ինչ-որ արդարացումներ։
«Քանի որ համակարգի գործարկման առաջին օրն է, բնականաբար որոշ տեխնիկական հարցեր օգտագործողների համար առաջանում են։ Մենք հարցերի համար հրապարակել ենք հեռախոսահամարներ, որոնցով մինչև այս պահը ստացել ենք հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր, ավելի ստույգ՝ որևէ բողոք չենք ստացել։ Եթե Ձեզ ներկայացրել են խնդիրներ, կխնդրեմ տրամադրեք Ձեր նշած փաստաբանների տվյալները, նրանց հետ կապ կհաստատեն։ Հավելեմ նաև, որ այսօր, 14։30–ից սկսած՝ Վարչական դատարանում աշխատում է նաև սպասարկող ընկերության թիմը։ Թիմը տեխնիկական օժանադակություն է տրամադրելու այնքան, քանի դեռ դրա կարիքը կա»,- ասված է Դեպարտամենտի փոխանցած պարզաբանման մեջ։
Փաստորեն, այս կառավարության օրոք անհնար է որևէ համակարգ ստեղծեն, որը առաջին օրվանից խնդիրներ չունենա։ Չեն էլ ցանկանում գոնե սկզբի համար պիլոտային շրջան նախատեսեն, որ եթե համակարգում խնդիրներ առաջանան, ապա դրանից օգտվողները հնարավորություն ունենան հին ձևով՝ թղթային տարբերակով իրենց դիմումները մուտք անեն, մինչև նոր ներդրված էլեկտրոնային համակարգը, դրա հեղինակ «փայլուն մասնագետները» վերջապես կարգի կբերեն այնպես, որ մարդիկ ոչ տեխնիկական, ոչ այլ բնույթի խնդիր չունենան դրանից օգտվելիս։
Վահե Մակարյան