Նիկոլ Փաշինյանը, որը տառապում է իր անձը պատմական դեմքերի հետ նույնացնելու մոլուցքով, աչքաթող է արել Արշակ Բ-ին, որն, ըստ անվանդազրույցի, երբ օտար հողում հայտնվում էր պարսից արքա Շեպուհի առջև, խեղճանում էր ու դառնում վախկոտ, իսկ իր հողում կերպարանափոխվում՝ վերածվելով հպարտ ու խրոխտ կերպարի։
Հայաստանի ներսում հոգևորականներին ու ընդդիմադիրներին կալանավորող, Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվող, իրավապահ համակարգը որպես մահակ օգտագործող, ԱԺ ամբիոնից հոխորտացող, մուրճ ճոճող, սեփական հայրենակիցներին «ասֆալտին փռող» ու «պատերին ծեփող» Նիկոլ Փաշինյանը, օրերս հերթական անգամ դուրս գալով Հայաստանի սահմաններից դուրս, վերածվեց մի խղճուկ ու ողորմելի կերպարի։
Նրա ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից կարող էր խղճահարություն առաջացնել նույնիսկ Ալիևի մոտ։ Այն ոչ թե պետության ղեկավարին արժանի ելույթ էր, այլ թույլի, պարտվածի, անողնաշարի անբովանդակ աղերսանք։
Խայտառակություն է, երբ մարդը հասնում է ՄԱԿ-ի ամբիոն ու այնտեղից նվնվում, որ Սյունիքում հանձնած իր միջանցքը Ալիևն անվանում է «Զանգեզուրի միջանցք», իսկ Հայաստանը համարում կապիտուլացված։
Բա ուրիշ ի՞նչ էիր ակնկալում, որ Ալիևը պետք է հայտարարի՝ «Հայաստանը հաղթեց պատերազմում», ասի՝ «Ապրի Նիկոլ Փաշինյանը, նա հանձնեց Արցախը, հանձնեց Հայաստանի տարածքները, հանձնեց մեր վաղեմի երազած միջանցքը, Փաշազադեի հրահանգով հարձակվել է Հայ Առաքելական Եկեղեցու վրա, իմ հրամանով վերացնում է ազգային արժեքները, ջնջում պատմական հիշողությունը, ուրանում Ցեղասպանությունը, ստորացնում ազգային հերոսների կերպարը, իմ պահանջով փոխում է Սահմանադրությունը, կազմալուծման է տանում բանակը, դեռ էլի տարածքներ է հանձնելու, ընդունելու է ադրբեջանցիներին, բայց, այնուամենայնիվ, հաղթել է»։
Նիկոլ Փաշինյանին թվում է՝ Ալիևը Բաբկենենց հարևան Պողո՞սն է, թե՞ ՄԱԿ-ում իր ընտրազանգվածն է նստած, որոնց «Կրթվելը նորաձև» է շարժման շրջանակներում փորձում է ապացուցել, թե ինչպես կարելի է ոչնչացնել պետությունը ու միաժամանակ ձեռք բերել ինքնիշխանություն։
Իրականում նման ելույթներն էլ ավելի են բարձրացնում Ադրբեջանի կշիռը։ Ոչ ոք չի կշտամբելու Ալիևին նման հայտարարությունների համար, այլ հակառակը, էլ ավելի են խորացնելու իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ հանձինս Նիկոլ Փաշինյանի տեսնում են մի ողորմելի կառավարչի, որի հետ հարաբերություններ կառուցելն ու ամրապնդելը, մանավանդ ռազմավարական նշանակության, որևէ վստահություն չի ներշնչելու։
Ոչ ոք չի կարող վստահել մեկին, որն ուրանում է սեփական պետությունը, սեփական պատմությունն ու սեփական ազգային արժեքները։ Հարգանք նվաճում են ոչ թե լացակումած ձայնով, այլ վստահ տոնով։ Վստահության արժանանում են ոչ թե բողոքելով ու նվնվալով, այլ պահանջելով։ Հուսալի գործընկեր դառնում են ոչ թե սեփական պարտությունը խաղաթուղթ դարձնելով, այլ ուժի ցուցադրմամբ։ Ո՞վ պետք է դաշնակցային հարաբերություններ կնքի մեկի հետ, որը նույնիսկ ինքն իրեն չի կարողանում պաշտպանել։ Նմաններին պահում են իրենց կողքը անհրաժեշտության դեպքում «խուրդելու» համար։
Բայց մի հարցում Նիկոլ Փաշինյանն «ապերախտ» է։ Իրականում Ալիևը մի անգամ գովել է նրան, երբ օժանդակեց Արցախի ամբողջական շրջապատմանն ու հայաթափմանը։
Կարեն Կարապետյան