Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը կփորձի իր շուրջ հավաքել հոգեւորականների, որոնց հետ կքայլի դեպի Մայր Աթոռ, Կեղծ պատարագից վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չեն պատրաստվում «նահանջել» եկեղեցու դեմ սկսված արշավից:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ գտնվող աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի դեմ արշավը շարունակվելու է, իշխանականները ամենօրյա ռեժիմով նրան քննադատելու են՝ հորդորելով հրաժարական տալ: Իսկ Փաշինյանը փորձելու է իր շուրջ հավաքել այն հոգեւորականներին, ովքեր պատրաստ են իր հետ քայլերթով հասնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանի կարծիքով դեռ չի հասունացել Վեհարան գնալու ժամանակը, դրա համար դեռեւս կշարունակեն Հովհաննավանքում պատարագների ժամանակ մարդկանց համախմբել, իսկ երբ նկատեն, որ մարդկանց թիվը ավելանում է, նոր կքայլեն դեպի Մայր Աթոռ` Փաշինյանի ուղեկցությամբ:

Ըստ մեր տեղեկությունների՝ կարագալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ) եւս վստահեցրել է, որ մեծ «բանակ» կհավաքվի իր շուրջ, ու արդեն քայլեր կկարողանան ձեռնարկել Կաթողիկոսի հեռացման հետ կապված:

Կարճ ասած՝ Փաշինյանը հանրության միավորմանն է սպասում դեպի Մայր Աթոռ գնալու համար, ինչն այս կիրակի չստացվեց, քանի որ իրենց ասած «10 հազար մարդու» փոխարեն հազիվ, պետական ռեսուրսների միջոցով, կարողացան 1000 հոգու Հովհաննավանք պատարագի «տանել»:

Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է»։

 

 

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Իշխանական կուլիսներում երեկ քննարկվող գլխավոր թեման, բնականաբար, Հովհաննավանքում կիրակնօրյա «պատարագն» էր, որն ի ցույց դրեց իշխանություն-եկեղեցի հակամարտության վերաբերյալ շարքային քաղաքացիների դիրքորոշումը, դրանով պայմանավորված՝ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ՝ իշխանության ներսում տիրող մթնոլորտն այս հարցի վերաբերյալ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր բոլոր մարզպետներին, նրանք էլ՝ ՏԻՄ ղեկավարներին, ինչպես նաեւ բոլոր ՔՊ-ականներին, հնարավորինս մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել Հովհաննավանքում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդը ողջունում է Վեհափառի դեմ իրենց արշավը, եւ դրա ապացույցը «Կտրիճ Ներսիսյանի կողմից կարգալույծ արված քահանա Տեր Արամի», իսկ ավելի ճիշտ՝ Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» մարդկանց ակտիվ մասնակցությունն է։ Սակայն Փաշինյանի պլանն ամբողջովին ձախողվեց, քանի որ վարչական լծակների գործադրմամբ, ուժային տասնյակ աշխատակիցների ներկայությամբ նրանց հաջողվեց, ըստ իշխանական հաշվարկի, հազիվ 1000-1200 մարդ հավաքագրել, որից եթե ոստիկաններին եւ քաղաքացիական հագուստով ՊՊԾ եւ ԱԱԾ ծառայողներին հանենք, տակը հազիվ 500-600 մարդ կմնա:

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղը, որտեղ գտնվում է Հովհաննավանքը, մոտ 2.5 հազար բնակիչ ունի, իշխանականները վերջին օրերին թմբկահարում էին, թե իբր գյուղի բնակիչներն են դեմ, որ կարգալույծ հռչակված քահանան հեռանա, ու հենց նրանք թույլ չեն տալիս, որ փոխարինող գա, սակայն պատարագն ի ցույց դրեց նաեւ, որ գյուղի բնակչության անգամ կեսը չի մասնակցել ապօրինի պատարագին, իսկ փոխարինող քահանայի մուտքն արգելափակող խմբակում տեղի բնակիչներից ընդամենը 3-4 հոգի են եղել, մյուսները՝ եկվորներ։

Ինչեւէ, ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը գազազել է պատարագից հետո՝ տեսնելով, որ անգամ խմբակցության պատգամավորների մեծ մասը ներկա չէ, իսկ ովքեր էլ եկել են, նրանցից շատերը դիսկոմֆորտի մեջ են եղել, ինչը չեն կարողացել թաքցնել մասնավոր զրույցներում, դիցուք՝ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Պատմեցին նաեւ, որ բազմաթիվ համայնքապետեր հրաժարվել են մասնակցել ու մարդ բերել, ովքեր էլ նախապես խոստացել են, հետո պատրվակ են գտել չներկայանալու, ովքեր էլ ամեն ինչ արել են, որ մարդ բերեն, իրենց նախատեսածից մի քանի անգամ քիչ մարդ են կարողացել բերել։
ՔՊ-ում ահուսարսափով են սպասում ձախողված առաջնորդի կողմից «դատաստանին»: Մեր զրուցակիցն անգամ չբացառեց, որ ոմանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդումներ իրականացվեն` Փաշինյանին «քցելու» համար։

Պատարագից հետո նրա հայտարարությունը, որ հաջորդ շաբաթ էլ է Հովհաննավանքում պատարագի մասնակցելու, էլ ավելի է փոթորկել իրավիճակը։ ՔՊ-ում մտահոգ են, հասկանում են, որ Փաշինյանը չի ների, եթե այս անգամ էլ չմասնակցեն ֆեյք-պատարագին։ Որոշներն էլ ձեւացնում են, թե խնդիրը ոչ թե պատարագին մարդկանց քանակն է, այլ՝ ինքնին բովանդակությունը։ Իսկ Հովհաննավանքում տեղի ունեցածի «խորհուրդը», ըստ իշխանականների, այն է, որ Վեհափառի գահակալությունից դուրս է բերվում քահանաների ու հավատացյալների մի շերտ, որոնք ուղիղ Փաշինյանին են ենթարկվելու: Չի բացառվում, որ հաջորդիվ իշխանությունը որսի դուրս գա բոլոր թեմերում՝ նոր տերարամների փնտրտուքով, եւ նման այլընտրանքային «Աստծո տներ» հիմնադրի յուրայինների համար։

 

«Իրավունք» թերթը գրում է.

«ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` կիրակնօրյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած: Ըստ աղբյուրի` հասկացել է, որ ոչ թե ընդամենը շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել՝ ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում:

Նախ, որեւէ լուրջ ռեակցիա Եկեղեցուց եւ ընդդիմությունից չեղավ, որ մարդ բռնեին՝ շոուի երկրորդ սերիա սարքելու համար: Եկեղեցին բավարարվեց միայն կարգալույծ քահանայի «պատարագն» անօրինականություն որակելով, ու զուգահեռաբար Վեհափառի անցկացրած պատարագը ցույց տվեց, թե իրականում ում հետ են հավատացյալները:

Երկրորդը, Փաշինյանն իր աչքով տեսավ, որ բացի հրամանի ուժով բերվածներից, քչերին հետաքրքրեց այդ «պատարագն էլ, իր մասնակցությունն էլ: «Ավենավատը սեփական թիմակիցների հիմնական մասի կողմից անտեսվելն էր. անգամ ամենամերձավորներից շատերը մտքներով անգամ չանցկացրին այդ խաղի մեջ մտնել՝ հասկացնելով, որ ինքն է մտել դրա տակ, թող հիմա ինքն էլ տակից դուրս գա:

Իհարկե, նյարդայնացել, ոմանց վրա գոռացել է, ոմանց՝ սպառնացել: Բայց նաեւ հասկանալով, որ դա բան չի փոխում: Հաշվի առնելով, որ թիմի միջին եւ ստորին օղակներում գնահատումն ավելի վատ է:

Բոլորն էլ ունեն ծանոթ-հարեւան–բարեկամ, եւ հիմա նրանց երեսով են տալիս՝ էս ի՞նչ սրբապղծության մեջ եք մտել:

Ու նրանք պատասխան չեն գտնում: Եթե մինչ այս կարողանում էին գոնե արդարանալ, թե՝ Կաթողիկոսին փոխել է պետք, հիմա արդեն այլ հարցերի են բախվում՝ օրինական կաթողիկոսին փոխենք, որ այս ապօրինությա՞նը նստեցնի Էջմիածնում»,-ասում է աղբյուրը:

Կարճ ասած, չստանալով որեւէ բան, Փաշինյանն ինքն իրեն մտցրեց մի փակուղի, որտեղից մեր զրուցակիցն էլ ելք չի տեսնում. «Հիմա, եթե գնա Վեհափառին կալանավորելու, ընդամենը նրա հեղինակությունն է կտրուկ բարձրացնելու: Եթե քայլ չկատարի, այս վիճակն ինչքա՞ն կարող է շարունակել:

Չի աշխատում նաեւ հոգեւորականներին քննչականների դուռը քարշ տալը. դա միայն ավելի ու ավելի է հանրությանը նյարդայնացնում: Իրավապահներն էլ իրենց հերթին են կատաղած, թե ամեն անգամ մի բան մոգոնում է, իրենց էլ հետը վատամարդ սարքում:Կարող է նաեւ նահանջել, բայց դա վատագույն տարբերակն է:

Ասում են, փորձել է նաեւ այս մասին Հռոմի պապի հետ խոսել, բայց բախվել է անտարբերության` հասկանալով, որ Վատիկանում եւս ծայրահեղ վատ են նայում նման արարքներին:

Ռուսական եկեղեցուց էլ ռեակցիան ծանր էր: Թե այս պատմությունն ուր կհասցնի, հիմա կդժվարանամ ասել: Բայց մեկ բան հաստատ է՝ հիմա 2018 թիվը չէ»,- ասաց աղբյուրը։

Send