Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին, Ստյոպա Ասատրյանին վստահեցրել են՝ «վարձքդ մեծ ա լինելու, չմտածես»․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետի ընտրությունները դարձել են իշխանական համակարգի ներսում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Վերջին ամիսներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գրեթե բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է այդ հարցը՝ ինչպես Արգիշտի Մեխակյանին համայնքապետ դարձնել։

Ըստ աղբյուրների՝ իշխող ուժը գործի է դրել իր ողջ կուսակցական եւ վարչական ռեսուրսը. կիրակի օրը ՔՊ-ականները պետք է ամբողջ կազմով լինեն Էջմիածնում՝ թե՛ կուսակցության գրասենյակում, թե՛ տարբեր ընտրատեղամասերում։ Նպատակն է՝ վերահսկել ընտրական գործընթացը եւ համոզվել, որ ամեն ինչ ՔՊ-ի սրտով է լինելու։ Ճիշտ եւ ճիշտ՝ ՀՀԿ-ի օրոք կազմակերպված ընտրությունների նման, երբ պատգամավորները հաճախ իրենց թիկնազորով ընտրատեղամասերում էին կամ դրանց շուրջ՝ իրավիճակը վերահսկելու:

Իշխանական շրջանակում այժմ լարված սպասումներ են. քարոզարշավի վերջին օրերն են, եւ, ինչպես մեր աղբյուրն է ձեւակերպում, «բոլորը մեկ մարդու պես վազում են Էջմիածին»՝ մասնակցելու Մեխակյանի հաղթանակի ապահովմանը։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընտրարշավի ընդհանուր համակարգումն իրականացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ականների երբեմնի սիրելի Վահրամ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար զեկուցում են վարչապետին ընթացքի մասին եւ վստահեցնում, որ ընտրական գործընթացում խնդիրներ չեն սպասվում։

Մինչդեռ իրավիճակը հետեւյալն է. համացանցը հեղեղված է միջնորդավորված ընտրակաշառքների դեպքերով. մեկ մի բարերար է կերուխում կազմակերպել (https://www.facebook.com/reel/3723402761295883 ), մեկ ՔՊ-ի դպրոցի տնօրենն է Մեխակյանի համար բարեգործություն անում՝ ձայն հավաքում, մեկ «Մակարյան նյուզը» տեսանյութ է հրապարակում, թե մի կին ինչքան գոհ է Մեխակյանից, որ իր տունը նորոգում ու սարքում է, եւ տեսանյութում խոստանում է ընտրել Արգիշտի Մեխակյանին (https://www.facebook.com/watch/?v=1147045830954249 ):

Ահա այսպես՝ «հին ձեւերով», հեղափոխական իշխանությունը «տյունինգ» արված ընտրությունների է մասնակցում. ընտրակաշառքը տալիս են միջնորդներով»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Փաշինյանը շատ դժգոհ է մնացել Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի հետեւանքներից։

Հիշեցնենք․ երեկ տեղեկացանք, որ Թրամփ կրտսերը չեղարկել է նոյեմբերի 12-ին Հայաստան այցը, եւ չի բացառվում, որ այդ հարցազրույցն է դեր խաղացել` Եկեղեցու դեմ հետապնդումների մասին տեղեկությունները նրան հետ են պահել Հայաստան այցելելու մտքից: Փաշինյանը կարծում է, որ այդ հարցազրույցից հետո իր մասին բացասական տպավորություն է ստեղծվել ԱՄՆ-ում, ուստի Նազելի Բաղդասարյանին եւ Արարատ Միրզոյանին հանձնարարել է ռեւանշ-հարցազրույց կազմակերպել հայտնի Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ։ Նա ուզում է միջազգային հանրությանը համոզել, որ ընդդիմության դեմ իր պայքարը լեգիտիմ է, եւ որոշել է ամերիկյան հարթակում փաստեր ներկայացնել, թե ինչպես էին ընդդիմությունն ու Եկեղեցու ներկայացուցիչներն այս ամռանը փորձում զավթել իշխանությունը՝ ուժի կիրառմամբ։

Ավելին, նա հույս ունի հայտնվել ամերիկյան Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում։ Կարծում է, որ դա կբարձրացնի իր վարկանիշը հայ հանրության աչքում։ Նա ասել է` ֆինանսական ծախսերից չվախենան` կազմակերպեն հարցազրույցը: Սայմոն Շուստերն անցյալում հարցազրույցներ է արել Նավալնիի, Զելենսկու, անգամ Լուկաշենկոյի հետ:

 

 

«Իրավունք» թերթը գրում է.

«Ասում են, թե Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամին՝ նույն ինքը՝ Ստյոպա Ասատրյանին, իշխանավորները վստահեցրել են՝ «վարձքդ մեծ ա լինելու, չմտածես»:

Բանն այն է, որ, ըստ շրջանառվող լուրերի, Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել»:

Send