Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Քպ-ականներն ադեկվատ չեն գնահատում, ՔՊ-ում կադրային փոփոխություններ են սպասվում․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար Սամվել Կարապետյանի գործով արդեն երկու բողոք է ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան: Մեկը վերաբերում է կալանքի ապօրինի հիմքերին, մյուսը՝ գործի ողջ օրինական ընթացքին, որը փաստաբանները որակում են հիմնազուրկ։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի դատավոր Արմեն Դանիելյանը, երբ վերաքննիչ դատարանում էր, որոշում էր կայացրել Կարապետյանին կալանքի տակ թողնելու վերաբերյալ հետաձգելով իր արձակուրդը։ Դանիելյանը հանրության մեջ վաղուց ունի կողմնապահ դատավորի համբավ. նրա որոշումները հաճախ համընկնում են իշխանությունների շահերի հետ։

Այժմ գործը հասել է Վճռաբեկ դատարան, եւ իրավաբանական շրջանակները միանշանակ կարծում են՝ եթե գործարար-բարերար Սամվել Կարապետյանի գործը մակագրվի դատավորների այն խմբին, որտեղ կա Արմեն Դանիելյանը, նա պետք է ինքնաբացարկ հայտնի. այլ տարբերակ պարզապես չկա։ Հակառակ դեպքում, ինչպես իրավաբաններն են շեշտում, ողջ գործընթացը նորից կդառնա իշխանական ճնշումների եւ դատական համակարգի կախվածության հերթական ապացույցը»։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանն այսպիսի հայտարարություն է արել. «Մենք գնահատում ենք, որ այս պահին Հայաստանի նկատմամբ անվտանգային և ռազմական սպառնալիքները շատ ցածր են՝ համեմատած մի քանի ամիս, մի տարի առաջվա հետ»։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաշինյանն ու թիմը դիլետանտ մոտեցում ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ ՀՀ-ն Արցախի կորստից հետո ռազմական առումով դարձել է ավելի խոցելի։ Արցախը Հայաստանի ու հատկապես Սյունիքի վահանն էր։ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելուց հետո ՀՀ-ն աստիճանաբար վերածվում է failed state-ի՝ դեմոգրաֆիական, ռազմական, տնտեսական և անվտանգային առումներով»:

Հեղինակները նշում են, որ ՀՀ-ում ծնելիությունը գրեթե զրոյական է, արտագաղթը՝ բարձր, ռազմական առումով՝ ՔՊ-ն կրճատում է հայոց բանակը, տնտեսական առումով՝ չկան նոր աշխատատեղեր, արտաքին պարտքը 14 միլիարդ դոլար է, անվտանգային առումով՝ ՀՀ-ի անվտանգության հիմքը՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն է եղել, որը Փաշինյանն ու ՔՊ-ն, սկսած 2018 թվականից, Արևմուտքի հրահանգով ծրագրված կազմաքանդում են։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, թե օգոստոսի 8-ը համապարփակ փոխեց ՀՀ-ի անվտանգային միջավայրը։ Ըստ հոդվածագրի, սա քպական քաղաքականության հերթական դիլետանտության արդյունքն է՝լոգիստիկան չի կարող ապահովել պետության, մասնավորաբար Սյունիքի անվտանգությունը. ՀՀ-ի անվտանգության երաշխավորը հզոր բանակն է, զարգացող տնտեսությունն ու ՀՀ-ՌԴ և ՀՀ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքները։

«Եթե Բաքուն ցանկանում է խաղաղություն, ապա ինչո՞ւ է ավելացնում ռազմական բյուջեն՝ գնում է նոր զինատեսակներ, Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ խորացնում է ռազմա-քաղաքական կապերը»,-հարց է բարձրացնում ալիքն ու նշում, որ Փաշինյանն ու թիմը չեն կարողանում ադեկվատ գնահատել ՀՀ-ի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, իսկ երկրի ներսում սպասվում է սոցիալական պայթյուն՝ գնաճը չի դադարում, իսկ ՀՀ քաղաքացիների եկամուտները չեն աճում. «Եթե Փաշինյանն ու թիմը 2026 թվականին մնացին իշխանության, ՀՀ-ին սպասում է Արցախի ճակատագիրը»։

 

 

«Հրապարակ» թերթը գրում է․   

Սեպտեմբերի 20-ին կայանալիք Քաղպայմանագրի համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ՔՊ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու եւ Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։

Խոսակցություններ կան , որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: Թե` ում փոխարեն` Տիգրան Խաչատրյանի՞, թե՞ Մհեր Գրիգորյանի, դեռեւս հայտնի չէ:

Ասում են՝ Հարությունյանն ամենօրյա ռեժիմով Փաշինյանին «կաթացնում» է, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուներից մեկը պետք է լինի յուրային, այսինքն` ՔՊ-ական լինի: Ինչպես հայտնի է՝ երկու փոխվարչապետերն էլ անկուսակցական են։

 

Send