2026 թվականի ամառային զորակոչից պարտադիր զինվորական ծառայությունը 2-ի փոխարեն 1,5 տարի դարձնելու առաջարկ է ներկայացվել:
Օրենսդրական փոփոխությունն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հիմնավորման մեջ նշված է, որ զինվորական ծառայության ժամկետների կրճատումը պայմանավորված է պայմանագրային ծառայության աճով:
«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»:
Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է եղել «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով»։
Գերատեսչությունն օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին: