Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 08։20-ի սահմաններում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի հոգի ասում էին, որ Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն են եղել, մի մասն էլ ասում էին՝ Հրազդանի։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է անձրևային եղանակը, ինչը հաստատել է վարորդը, պարեկային ծառայությունն էլ կարծում է, որ նաև արագություն է եղել։