Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Դատական դեպարտամենտը ներկայացրել է դատական իշխանության և լրատվամիջոցների հաղորդակցման մասին վերլուծությունը

Blog Image

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը ներկայացրել է դատական իշխանության և լրատվամիջոցների հաղորդակցման 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ժամանակահատվածի վերլուծությունը՝ ըստ «Մաքսմոնիթոր» համակարգի և լրատվամիջոցների մշտադիտարկման տվյալների։ 

Ընդհանուր առմամբ՝ մամուլում դատական իշխանության վերաբերյալ արձանագրվել է 1,745 հիշատակում, որոնցից 238-ը (13.6%) պաշտոնական հաղորդագրություններ են, իսկ 1,507-ը (86.4%)՝ լրագրողական նյութեր։ Լրագրողների հեղինակած հրապարակումներում գերակշռել են փաստաբանների մեկնաբանությունները։

Ըստ հետազոտության՝ նյութերը մեծ մասամբ միակողմանի են եղել, չեն ներառել տվյալ դատարանը ներկայացնող մամուլի խոսնակի խոսքը, կամ այդ խոսքը ներկայացվել է հրապարակմանը հաջորդող նյութում, որն, ի դեպ, համարվում է «երկրորդային լուր» և ոչ միշտ է գերազանցում թեմայի վերաբերյալ առաջին  մեկնաբանություն տվողի  տեսակետը։ 
 
Վերլուծության համաձայն՝ դատական թեմաներով հրապարակումների 45%-ը եղել է ուշադրություն հրավիրող սկանդալային վերնագրերով, 35%-ը՝ չեզոք տեղեկատվական, և միայն 12%-ը՝ վերլուծական: Արձանագրվել է նաև դատավորների պիտակավորման տարածված պրակտիկան, որը հանրային ընկալման ձևավորման հարցում կողմնորոշիչ դեր ունի, ինչպես նաև ազդում է դատավորի հեղինակության վրա։    

Ըստ վերլուծության՝ դատավորների՝ մամուլում  ներկայացվածության սահմանափակումները պայմանավորված  են քաղաքական զսպվածություն և չեզոքություն պարտադրող էթիկայի կանոններով, մասնագիտական վարքագծի կանոնակարգով, որն արգելում է մեկնաբանություններ կամ տեսակետներ հայտնել քննվող գործերի վերաբերյալ, ինչպես նաև՝ մամուլի հետ հաղորդակցվելու փորձի պակասով։   

Արձանագրվել են նաև դրական միտումներ․Բարձրագույն դատական խորհուրդը ապահովել է իր որոշումների, իրավական փաստաթղթերի հրապարակման օպերատիվությունը կարգապահական վարույթները հրապարակվել են առանց տեխնիկական կամ մոնտաժային միջամտության, իսկ պաշտոնական հաղորդագրությունները՝ չեզոք ոճով։

Ըստ վերլուծության եզրակացության՝ անհրաժեշտ է զարգացնել դատական համակարգի և լրատվամիջոցների համագործակցությունը՝ ապահովելով հավասարակշռված հաղորդակցություն, բարձրացնել հանրային տեղեկացվածությունը դատական գործընթացների վերաբերյալ։
 
 Դատական դեպատրամենտ

Send