Իրեն Հիսուս Քրիստոսի աշակերտ հռչակած, Հայ Առաքելական եկեղեցու կանոնակարգն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանը խախտում է պատվիրանները, տվյալ դեպքում «ՄԻ ՍՏԻ՛Ր»-ը, ընդ որում խախտում է բացահայտորեն ու պրիմիտիվ ձևով։
Սույնը մարդկանց մոտից փորձելով ջնջել պատմական հիշողությունը հայրենիքի հետ կապված, միաժամանակ ձգտում է ջնջել հիշողությունը նաև կենցաղային մակարդակով։
Ցանկանում է ստեղծել տպավորություն, որ մինչ իր չարաբաստիկ գոյությունը վարչապետի աթոռին, Հայաստանում մարդիկ գտնվում էին աղքատության ճիրաններում, Սևան չէին գնում, ռեստորան ու սրճարան չէին գնում, Եվրոպա չէին գնում։
Եթե սույն անձնավորության մոտ ստամոքսային մտածելակերպը նման մասշտաբների չհասներ, ապա թերևս կգիտակցեր, որ հանգստի գնալը ավելի շատ մշակույթ է, մտածելակերպ, ապրելաձև, հետո նոր ֆինանսատնտեսական բաղադրիչ։
Մինչ իր դժբախտ կառավարումը մարդիկ շատ ավելի մեծ ծավալներով էին մեկնում հանգստի, գնում ռեստորաններ ու սրճարաններ, թեկուզ այն պարզ պատճառով, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ որդեկորույս, հաշմված ու խեղված չէին, կյանքից փորձում էին հաճույք քաղել, ունեին երազանքներ, ձգտումներ ու նաև հանգստի գնալու մոտիվացիա։ Այնինչ, 2018 թվականը հիմք դրեց ապագա աղետների, ոչ թե նպաստեց մարդկանց բարեկեցությանը։
Ինչ վերաբերում է Եվրոպա գնալուն, ապա երբևէ եվրոպական երկրները նման մասշտաբային չափերով չէին մերժել ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրումը, որքան հիմա, որը ինքնաբերաբար նպաստում է եվրոպական երկրներում ոչ թե հանգստի աճին, այն նվազմանը։ Չէր խանգարի, որ քաղաքական մտքի սույն «տիտանն» ինքն իրեն հարց տար, այդ ինչպե՞ս է ստացվում, որ մինչ իր իշխանությունը ձգտում է դեպի եվրոինտեգրում ու իր խորհրդարանը վավերացնում է այդ գործընթացը, սակայն այն հանգեցնում է վիզաների տրամադրման խստացմանը։ Նույնիսկ համալսարանից հեռացվածը կարող էր գիտակցել՝ որքան ավելանում են վիզաների մերժումները, այդքան պակասում է եվրոպական երկրներում հանգստացողների թիվը։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայաստանյան ռեստորանները լիարժեք ազատված են քրեածին հղփացածների տիրապետությունից, ինչը նպաստում է ընտանիքներով իրենց ժամանցը նմանատիպ վայրերում կազմակերպելուն։ Սա նույնպես հրեշավոր սուտ է։ Նիկոլ Փաշինյանը հավանաբար մոռացել է ՀՀ ՆԳ նախկին նախարարի զեկույցը Ազգային ժողովում, ըստ որի, Հայաստանում գրանցվել է հանցագործությունների, այդ թվում ծանր, աճ։ Հիշենք թեկուզ վերջերս գրանցված ողբերգական միջադեպը, երբ Սևանի ռեստորաններից մեկում տեղի համայնքի ավագանու, մասնագիտությամբ բժիշկ անդամը սպանվեց Հայաստանում հայտնի քրեական հեղինակություններից մեկի, որը, ըստ լուրերի վայելում է իշխանությունների բարեհաճությունը, հարազատի կողմից, միայն այն բանի համար, որ հորդորել էր հասարակության մեջ վայելուչ պահվածք ցուցաբերել։ Ընդ որում՝ սպանվել էր հենց ընտանիքի աչքի առաջ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում կյանքը լավացել է 50 տոկոսով։ Այստեղ նա մի փոքր համեստություն է ցուցաբերում, քանի որ Հայաստանում կյանքը լավացել է ոչ թե 50, այլ 100 տոկոսով, սակայն միայն իր ու ՔՊ-ականների համար:
Ես ճանաչում եմ ներկայումս մի բարձրաստիճան ՔՊ-ականի, որը երբ դեռ նոր էին եկել իշխանության, կանգնած էր երկընտրանքի առջև՝ ատամները սարքի, թե՞ գնա Կոբուլետի հանգստանալու։ Որքան հիշում եմ այդ ամառ նա ընտրեց ատամները, ինչը թերևս կարելի էր նորմալ համարել, եթե կարճ ժամանակ անց այդ նույն ՔՊ-ականները ձեռք չբերեին բնակարաններ, առանձնատներ ու ավտոմեքենաներ, հանգիստը վայելեին տարբեր կղզիներում ու մեծամասամբ ՀՀ հարկատուների հաշվին, ձևակերպելով գործուղումների անվան տակ։ Վստահ ենք, որ այդ գործուղումներից հետո Հայաստանի Հանրապետության ու Բալի կղզու հարաբերությունները բերվել են բարձր մակարդակի վրա։
Կարեն Կարապետյան