Հայաստանում ձևավորվել է հետևյալ շղթան. Նիկոլ Փաշինյանն ուղիղ ու բաց տեքստով իրավապահներին հրահանգում է ձերբակալել այս կամ այն մարդուն, դատախազները շատ արագ պատրաստում են մեղադրանքները, դատավորները նույն արագությամբ կայացնում կալանքի վճիռներ, իսկ ՔՊ-ականները, հարուցված գործերը համարելով որպես ապացուցված փաստ, անմիջապես սլաքներն ուղղում են ողջ ընդդիմադիր դաշտին ու բոլոր ընդդիմադիրներին, մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ, որ դուք աջակցեցիք ու ընտրեցիք «կաշառակերին»։
Նախ՝ կաշառակեր է մարդը, թե՝ ոչ, որոշում է դատարանը, եթե, իհարկե, նման ատյան Հայաստանում գոյություն ունի, այլ ոչ ՔՊ-ականները։ Երկրորդը՝ եթե նույնիսկ այս կամ այն անձը ունենում է խոցելի անցյալ, ցավալիորեն նույն իշխանությունը հանրությանը կանգնեցնում է դժվար երկընտրանքի առջև։
Մարդը ստիպված է լինում ընտրություն կատարել «կաշառակերի» ու Արցախը, Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնողի, 5000 զոհ տվողի, նրանց հիշատակն անարգողի մեջ և որպես չարյաց փոքրագույն ընտրում առաջինին։ Մարդը ստիպված է լինում ընտրել կա՛մ «կոռումպացվածի», կա՛մ ցեղասպանությունը, ազգային արժեքներն ու հայոց պատմությունը ուրացողի մեջ և կրկին նախապատվությունը տալիս առաջինին։ Մարդը կանգնում է երկընտրանքի առջև։ Ընտրել «խոցելի թեկնածուի՞ն», թե՞ Ալիևի ու Էրդողանի հրամանները հլու-հնազանդ կատարողին, «Զանգեզուրի միջանցքը» հանձնողին, ադրբեջանցիներին Հայաստան հրավիրողին, «Արևմտյան Ադրբեջանն» ու Արևմտյան Հայաստանը հավասարեցնողին ու նորից հաղթում է «խոցելին»։
Յուրաքանչյուր մարդու համար, որն ունի հայրենիքի ու ազգային արժանապատվության գիտակցում շատ ավելի նախընտրելի է «կաշառակերն ու կոռումպացվածը», քան հայրենադավը, ազգուրացն ու թուրքին և ադրբեջանցուն ծառայողը։ Ընդ որում, եթե ձեր մեղադրանքները մերկապարանոց են՝ սարքված ընդամենը ձեզ ենթակա մարմինների կողմից, ապա ձեր գործած չարիքներն ապացուցված են։ Որտե՞ղ է Արցախը, որտե՞ղ են Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի տարածքները՝ Ադրբեջանում, ու ո՞վ է հանձնել՝ դուք։ Որտե՞ղ են մեր 5000 զոհերը՝ գերեզմանում, ո՞վ նրանց զոհաբերեց հանուն նրա, որ այսօր հայտարարեք «Արցախն Ադրբեջան է ու վերջ»՝ դուք։ Ո՞ւր են այսօր արցախցիները՝ ցեղասպանված և վտարված իրենց հայրենի հողից, ո՞վ այդ ամենին նպաստեց՝ դուք, ու ինչի համար էլ արժանացաք Ալիևի գովեստի խոսքերին։ Ո՞վ է այսօր հանրությանը կոչ անում մոռանալ Արարատ լեռը, ազգային արժեքները, պատմությունն ու կենսագրությունը, հրաժարվել երազանքներից ու վերածվել սպառողական զանգվածի՝ դուք։ Ո՞վ է այսօր բացի թյուրքական աշխարհից ողջունում Մեծ Թուրանի ստեղծումը՝ ձեր Նիկոլ Փաշինյանը։
Եվ երրորդը՝ եթե նույնիսկ ձեզ հաղթած ընդդիմադիր թեկնածուն ունենա սրբացված անցյալ ու աստվածային ներկա, եթե նույնիսկ չիմանա, թե ինչ գույն ու տեսք ունի փողը և չկարողանաք նրան կաշառակերության մեղադրանք առաջադրել, ապա կձերբակալեք ֆեյսբուքյան գրառման համար, եթե ֆեյսբուքում էջ չունենա, կկալանավորեք Արցախ բառն ասելու, «խաղաղության պայմանագիրը» խոչընդոտելու ու վերջապես աղոթելու համար։
Հետևաբար, եթե նույնիսկ Գյումրիում հաղթել է «կաշառակերն» ու «կոռումպացվածը», ապա հենց Նիկոլ Փաշինյանն է ստիպել գյումրեցիներին՝ ընտրել նրան։
Կարեն Կարապետյան
