«Հրապարակ» թերթը գրում է.
Բագրատ սրբազանի մեղադրանքում հանրության վրա ամենից շատ տպավորություն թողեց ձայնագրությունների այն հատվածը, որտեղ նա ասում է. «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»: Պարզվում է` այս կտորը ոչ միայն մոնտաժվել է եւ կտրվել ընդհանուր խոսակցությունից, այլեւ խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին, այդ պատճառով էլ քննչականը ձայնագրության այս հատվածը չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ: Իսկ եթե ամբողջ ձայնագրությունը ներկայացվեր դատարան, ապա հստակ կլսվեր, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, եւ Սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»: Այս տեղեկությունը, որը, ի դեպ, երկու աղբյուրից ճշտել ենք, եթե իրական է, ապա գործ ունենք ապացույց կեղծելու հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է: Նման «ապացույցը» շրջանառության մեջ դնողները փորձում են անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե իրական ահաբեկչություն է կանխվել` երկրորդ «Հոկտեմբերի 27»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր՝ հուլիսի 4-ին, ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի քայլերթ է լինելու դեպի ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի տարածք: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է օպերատիվ աշխատանք իրականացնել ու յուրաքանչյուր քայլ վերահսկելի դարձնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները մտահոգված են, որ քայլերթին կարող են շատ մարդիկ մասնակցել, ու գուցե լինեն գործողություններ, որոնք կարող են վերահսկողությունից դուրս գալ: Իսկ այդ ամենի պատասխանատվությունը հայրենի իրավապահ համակարգի ուսերին է դրված: Պետք է ամեն բան անեն, որպեսզի քայլերթից հետո իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա:
Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ շատ մարդիկ են հավաքվելու, ինչի առիթով անհանգստությունը մեծացել է: Փաշինյանը հասկանում է, որ գործարար-բարերարին աջակցողները շատ են, ուստի թիմակիցներին, ուժայիններին N1 հրահանգ է տվել՝ զգոն լինելու, առավոտյան էլ կարգադրել է գլխավոր դատախազին գնալ ԱԺ եւ կալանքի միջնորդությամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին «փակել ճաղերի հետեւում»»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական պաշտոնյաների աշխատավարձերի եւ պարգեւավճարների չափերը չնայած ամենայն զգուշությամբ թաքցնում են, սակայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում իմացել են, որ քաղաքապետի 4 տեղակալները միասին հունիս ամսվա համար 7 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել: Երեւի մի այդքան էլ՝ աշխատավարձ:
Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների եւ յուրայինների: Յուրայինները բարձր եւ ամենամսյա պարգեւավճարներ են ստանում` անգամ այն ամիսներին, երբ արձակուրդում են եղել եւ չէին կարող լավ աշխատանքի համար խրախուսվել: Իսկ աշխատակազմի մյուս մասը եռամսյակը մեկ է ստանում պարգեւավճար՝ ըստ ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների:
