Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Թրամփի ասածը հայերեն թարգմանաբար ստացվում է՝ «էն գյադեն»

Blog Image

- Ալո, Թրամփ, Փաշինյանն ա
- Ո՞վ
- Դե էն տղեն, էլի, Ալբանիայից

Ահա մոտավորապես նման խոսակցություն կստացվի, եթե Նիկոլ Փաշինյանը մի օր որոշի WatsApp-ով զանգահարել Թրամփին։

Առօրյայում մեզ հետ հաճախ է պատահում, երբ մեկի հետ ծանոթանում ենք, արագ համարը ֆիքսում, մտածելով, որ հետո անունը կգրենք, բայց հասնում ենք տուն ու լրիվ մոռանում, թե ի՞նչ էր մեր այդ նոր ծանոթի անունը ու անվան փոխարեն ինչ-որ մի հուշող բան գրում, օրինակ՝ «խադավիկ Յոնջլախ»։ Ամենայն հավանականությամբ, նմանատիպ մի բան է տեղի ունեցել նաև Վաշինգտոնում։

Սակայն, եթե առօրյայում նման իրավիճակը նորմալ երևույթ է, ապա աննորմալ է միջազգային հարաբերություններում։ Ես չեմ հիշում դեպք, երբ հանդիպեն ընդամենը երեք երկրի ղեկավար, ձեռք բերեն «դարակազմիկ» պայմանավորվածություն, այնուհետև կողմերից մեկը մոռանա և՛ մյուս երկրի, և՛ այդ երկրի ղեկավարի անունը։ 

Իհարկե, սա կարող էր վերաբերել բացառապես Նիկոլ Փաշինյան անձի՝ միջազգային հարթակում աննշան լինելու հանգամանքին, եթե հետևանքները չարագուշակ չլինեին մեր պետության համար։ Այն, ինչ Փաշինյանը փորձում է «ծախել» հանրության վրա ու դրա շնորհիվ հաղթել գալիք ընտրություններում, ստացվում է, որ իրականում չունի այն նշանակությունը, որը ներկայացվում է իշխող ուժի կողմից։ Վաշինգտոնյան հանդիպումը թփմբկահարվեց որպես աննախադեպ ձեռքբերում, հաղթանակ, խաղաղության դարաշրջան, ՀՀ ինքնիշխանության բարձրացում, «սնուցող մայրերի» ու «նահապետ հայրերի» երազանքների կատարում, Թրամփ-Փաշինյան անձնական բարեկամության բացառիկություն (Թրամփը Փաշինյանին տվել էր իր WhatsApp-ի համարը)…բայց այդ հանդիպումից ընդամենը մի երկու ամիս անց մենք վերադարձանք գրեթե այն նույն կետին, ինչ մինչ հանդիպումն էր։ Թրամփը մոռացել է, թե ում հետ է հանդիպել, իսկ Ալիևը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը՝ Հայաստանը համարում կապիտուլացված, «Թրամփի ուղին» անվանում «Զանգեզուրի միջանցք»։

Ավելին՝ մինչ Փաշինյանը վայելում է «խաղաղության դարաշրջանը» ու բերկրանք զգում` զուգահեռ կրճատելով բանակի թվակազմն ու անփոփոխ թողնելով պաշտպանական ծախսերը, Ալիևն ավելացնում է ռազմական բյուջեն, զինվում ու զորավարժություններ անցկացնում։ Փաշինյանը հայ հասարակությանը համոզում է, որ խաղաղությունն արդեն եկել է, Ալիևն ադրբեջանցիներին կոչ է անում պատրաստվել պատերազմի։

Արդյունքում պարզվեց, որ մեր միակ «հաղթաթուղթը»՝ Թրամփի հեռախոսահամարը, այդքան էլ չի համապատասխանում «անվտանգային» ներկա չափանիշներին։ Այս ամենից հետո թող հասարակությունը հետևություն անի, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը որոշի հարձակվել Հայաստանի վրա, ու մինչև Փաշինյանը զանգի Թրամփին ու բացատրի, թե ինքն ով է, ապա այդ ընթացքում Հայաստանից որքան նոր տարածքներ կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

Կարեն Կարապետյան

Send