«Հրապարակ» թերթը գրում է․
Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց», որը երկու օր է՝ ծածուկ քննարկում են ՔՊ-ականները:
Հայկ Սարգսյանը նախօրեին իր ճեպազրույցի ընթացքում հրապարակավ թիմին մեղադրեց իր հասցեին կեղծիք տարածելու մեջ, ասաց, որ համագումարից առաջ լրատվամիջոցներում հայտնված անանուն նամակի առթիվ կուսակցության տարածած հայտարարության մեջ առկա մի պնդում չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունում վարույթ հարուցելու եւ խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված հայտարարության մեջ ասված էր. «Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն նա չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով»։ Սարգսյանն ասաց, որ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։ «Ես խնդրել եմ մեր կուսակցությանը՝ խմբագրել այդ հատվածը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայկ Սարգսյանը դիմել է, բայց չի ցանկանում մասնակցել դիմումի քննարկմանը»։
Սակայն նշենք, որ երեկվա դրությամբ ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարությունը չէր խմբագրվել։
Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը թիմում վատ են ընդունել եւ անհետեւանք չեն թողնելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի կաթնամթերքի շուկան, կարծես, հայտնվել է խոցելի վիճակում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումների հիման վրա պարզեց՝ Իրանից զանգվածաբար ներմուծվում է ծագումով անհասկանալի սերուցք, որը, ըստ ոլորտի մասնագետների, առանց պատշաճ վերահսկողության դառնում է տարբեր կաթնամթերքի հիմք՝ կարագից մինչեւ պաղպաղակ` «տեղական արտադրության» պիտակով։
«Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ ներմուծումները կատարել են մի շարք ընկերություններ, որոնց թվում են.
– «Պրոգրես Ս.Ս» ՍՊԸ-ն
– «ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն
– «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն
– «Ստեպպրոգրես» ՍՊԸ-ն
– «Թամարա» ՍՊԸ-ն
– «Միլք ափ պլյուս» ՍՊԸ-ն
– «Խաք» ՍՊԸ-ն
– «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ն
Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա, կրկին պաշտոնական տվյալների հղումով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը Իրանից ՀՀ ներմուծվել է շուրջ 1472 տոննա սերուցք։ Ընդհանուր ներմուծման արժեքը գերազանցել է մոտ 1.5 միլիարդ դրամը։ Իսկ 2025-ին 823.5 տոննա սերուցք` ընդհանուր 1,68 մլրդ դրամ արժեքով: Սակայն սրանք դեռ 7 ամսվա տվյալներն են. 2025 թվականը դեռ շարունակվում է:
Այսինքն` ահռելի քանակությամբ սերուցք է մտնում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը https://armlur.am/1498783/ դեռ օգոստոսին հրապարակել էր, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, դեռ վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։ Մասնավորապես՝ ՌԴ-ի համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով։
Հ. Գ. Հայկական բեռնափոխադրող ընկերությունները հենց սրա համար են հաճախ խնդիրներ ունենում ՌԴ-ում, քանի որ ՌԴ-ն արգելել է այդ սերուցքի հիմքով արտադրության ներմուծումը իրենց երկիր»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։
Մենք տեղեկություններ ունենք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու: Մենք զանգահարեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանին, որը հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց. «Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռական է տրամադրված՝ շարունակելու Վալոդյա Գրիգորյանի աշխատանքները, և ավագանու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ, կարծում ենք, կստանա ձայների մեծամասնությունը»։
Առաքելյանը, սակայն, առայժմ չցանկացավ այլ «փակագծեր» բացել և հայտնել, թե կոնկրետ ում թեկնածությունն են առաջադրելու:
