ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որ մի քանի օր առաջ մերժեց ՔՊ-ից անկախացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած թեկնածուին՝ Էդմոն Մարուքյանին, որպես իմպիչմենտի ժամանակ վարչապետի թեկնածու, այսօր իր թեկնածուին է առաջադրել՝ ՀՀԿ անդամ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ ՀՀԿ-ականները Մարուքյանին մերժեցին՝ պատճառաբանելով, թե իրենք չեն ուզում Նիկոլին փոխարինել «Նիկոլ 2»-ով։
Էդմոն Մարուքյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանը իմպիչմենտի շրջանակներում վարչապետի նոր թեկնածու առաջ քաշելով փորձում է ժողովրդին ցույց տալ, որ Փաշինյանի այլընտրանքը տարբեր ժամանակներում բազում քրեական գործերով անցնող իր կուսակիցն է, ինչը իրենից ներկայացնում է ոչ թե այլընտրանքային թեկնածուի առաջադրում, այլ կեղծ ուղերձ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին չկա այլընտրանք։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է իր թեկնածությունն առաջ քաշած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ի վերջո, համաձայնեն միանալ «Պատիվ ունեմ»-ի առաջադրած թեկնածուին, Մարուքյանը հղում արեց Աղազարյանի ու Ասլանյանի խոսքին, որ իրենք չեն միանալու Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը։ Իսկ շանս կա՞ր, առհասարակ, նույնիսկ իր թեկնածության պարագայում հասնել իշխանափոխության, Մարուքյանն ասաց, թե շանսի մասին պետք չէ անցյալով խոսել․ «Եթե «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան» դաշինքը իրենց խոսքը պահեին, կլիներ շանս։ Հովիկ Աղազարյանն ասել է, որ մարդիկ կան՝ պատրաստ են քվեարկել Մարուքյանի օգտին։ Բայց Նիկոլ Փաշինյանին չեն ուզում ԱԺ ընդդիմադիրները հեռացնել, դրա համար էլ վիժեցնում են պրոցեսը»։
Նկատեցինք, որ իրեն նույն «Պատիվ ունեմ»-ը մերժեց, որովհետև հայտարարեցին՝ Նիկոլին չեն ուզում փոխարինել «Նիկոլ-2»-ով, որովհետև չեն վստահում իրեն, քանի որ նա պատերազմից հետո աշխատել է Փաշինյանի կառավարությունում։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը վստահ է, որ միանան՝ ես կընտրվեմ․ կարդացեք իրենց հայտարարությունը: Սակայն իրենք ասում են` «ավելի լավ է Նիկոլը, քան դու»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ գործարքի մեջ են, իսկ իմ հետ ոչ, ահա դա է պատճառը»,- արձագանքեց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե «Էդմոն Մարուքյանը Նիկոլից տասն անգամ ավելի ուժեղ Նիկոլ ա», Մարուքյանը դա այսպես բացատրեց․ «Իր տրամաբանությունն այն է, որ ինձ ասել են «Նիկոլ-2», ինքն էլ ասում է՝ այո, հեղափոխության սկզբունքների մասով Մարուքյանը կանի բոլոր ռեֆորմները, դրա համար էլ ՔՊ-ից ձայն կարող է ստանալ՝ ի տարբերություն, ասենք, որևէ Սերժ 48 կամ Սերժ 67 թեկնածուի։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը նույնիսկ իր տեղակալներից մարդ չի առաջադրել, այլ առաջադրել է իր ոստիկանապետի թիկնազորի պետի փեսային»։
Վահե Մակարյան