ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն անիմաստ ծանրաբեռնող, իր պաշտոնում պետությանը, մարդկությանն ու հատկապես տնտեսվարողներին որևէ կերպ պիտանի չլինող, այսինքն՝ անպիտան նախարար Գևորգ Պապոյանը, իր անզորությունը կոմպենսացնելու համար դիմել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի ստուգվեն իր գրառման տակ արված մեկնաբանությունների իսկությունը՝ արդյոք վրացի սահմանապահները կոռուպցիոնե՞ր են, կաշառք վերցնո՞ւմ են հայ վարորդներից, այդ թվում՝ հեղուկ գազ ներկրող բեռնատարների վարորդներից, թե՞ ոչ։ Այս թեման, հիշեցնենք, ակտուալ դարձավ հատկապես հեղուկ գազի թանկանալու ժամանակ, քանի որ պարզվեց՝ վրացիները կաշառք են պահանջում գազատարների վարորդներից, որ թողնեն մեքենաներն անարգել հասնեն Հայաստան։
Ջիվանին կասեր՝ խելքի՛ աշեցեք․ փաստորեն, Պապոյանը որոշել է վրացիների կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու հարցը բացահայտել Հայաստանի իրավապահ համակարգի միջոցով։ Սա նույնիսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մոտ է ծիծաղ առաջացրել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նման քայլի է դիմել, ուղղակի ամոթից ձայն չեն հանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին, թե ստացե՞լ են, արդյոք, Պապոյանի դիմումը ի՞նչ ընթացք են տվել դրան, և ինչպե՞ս են պատրաստվո՞ւմ են վրացի կաշառակերներին կանչել պատասխանատվության, ասացին, որ նախարարի գրությունն ստացել են, այս պահին օպերատիվ ստուգման փուլում է։
Պատկերացնել կարելի է, թե դեմքի ինչպիսի արտահատությամբ են նրանք ստուգում Գևորգ Պապոյանի դիմումը, բայց մեր իրավապահ համակարգը առաջին անգամ չէ, որ այսպիսի աբսուրդային, խելացնոր գրություններ է ստանում նիկոլական պաշտոնյաներից, որոնց ստիպված են լինում որևէ կերպ ընթացք տալ։
Ի դեպ, եթե մի կողմ թողնենք վրացի կաշառակեր պաշտոնայներին Հայաստանի իրավապահ մարմինների միջոցով պատժելու՝ պապոյանական տրամաբանության աբսուրդի աստիճանը, ապա այստեղ, իրականում, կարող են տուժել էլի ՀՀ քաղաքացիները, մասնավորապես՝ հայկական բեռնատարների վարորդներն ու արտահանող կամ ներկրող ընկերությունների ղեկավարները, որոնք ստիպված են պարզապես կաշառք տալ վրացի մաքսավորներին, որ իրենց բեռնատարները թողնեն անարգել հատել սահմանը։ Իսկ նրանք կաշառք են տալիս, որովհետև ՀՀ կառավարությունն ու այդ թվում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մատը մատին չեն խփում կամ էլ պարզապես անզոր են՝ քաղաքական մակարդակով լուծելու այս հարցը, որովհետև բանակցողը Պապոյանի նման «հզոր» նախարար է։ Ու չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Պապոյանի գրությունն ուսումնասիրելուց հետո որոշի հայտնաբերել վրացի պաշտոնյաներին կաշառք տված հայ վարորդներին և նրանց կանչի պատասխանատվության՝ Պապոյանին ամոթանք տալու փոխարեն։ Ստացվում է՝ վրացիների հետ լեզու գտնել չկարողացող Գևորգ Պապոյանը փուռն է տալիս ֆուռի վարորդներին։
Վահե Մակարյան