Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական Քաղաքականություն

Իշխանությունների համոզմամբ՝ ՀՀ քաղաքացիները գտնվում են մտավոր զարգացման ստորին շերտերում

Blog Image

Իշխանությունների մեկնաբանությունները ցանկացած հարցի վերաբերյալ վիրավորում են կարդացողի ինտելեկտը, հատկապես երբ այդ մեկնաբանություններով փորձում են կոծկել իրականությունը։ Նման մեկնաբանությունների շարքին է պատկանում Նիկոլ Փաշինյանի խոսնակի այսօրվա գրառումը, որով «իր մտավոր բարձունքներից» նախ փորձում է մեզ՝ «հասարակ մահկանացուներիս» բացատրել, թե ինչ է նշանակում ինքնիշխանություն, ապա տերմինների տարբերությունը։

Սույն «գերինտելեկտուալ» տիկնոջը թվում է, թե լրատվամիջոցի ներկայացուցիչները չեն հասկանում, որ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման իրավունք ու արտապատվիրակում բառերն ունեն տարբեր նշանակություններ, հետևաբար հարկ կա հավելյալ բացատրության։

Ու որպես վերջաբան՝ մերօրյա Ռոզա Լյուքսեմբուրգը հանդես է գալիս բոլորիս համար ամենափրկիչ եզրահանգմամբ, որ արտապատվիրակվում է ոչ թե ՀՀ ինքնիշխանությունը, այլ ճանապարհը։

Կրկին ուզում եմ շեշտել, որ նման մեկնաբանությունը պարզապես վիրավորական է ինտելեկտի համար, վիրավորական է, որ հանգամանքների բերումով իշխանության հասածները կարող են իրենց թույլ տալ նման պրիմիտիվ դասախոսություններ կարդալ ոչ միայն լայն հասարակության, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքական դաշտի համար։

Առ այս պահը որևէ մեկը չի հայտարարել, որ ՀՀ ինքնիշխանությունն արտապատվիրակվելու է, սակայն «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումն ու արտապատվիրակումը երրորդ կողմին, այո՛, ինքնիշխանության կորուստ է։ Իհարկե, իրավաբանորեն այդ միջանցքը մնալու է ՀՀ տարածքային ամբողջականության տիրույթում, ու վիզուալ առումով որևէ խախտում տեղի չի ունենա, սակայն Հայաստանի Հանրապետությունը ոչ մի լիազորություն չի ունենալու տվյալ հատվածի նկատմամբ, նույնիսկ իրավասու չի լինելու ստուգելու ՀՀ «ինքնիշխան տարածքով» իրականացվող փոխադրումները, ինչի մասին արդեն հայտարարել է Ալիևը։ Առ այսօր կյանքը ցույց է տվել, որ չի եղել Ալիևի կողմից ներկայացված որևէ պահանջ, որը չկատարվի Փաշինյանի կողմից։

Ի դեպ, սույն խոսնակն իր «գիտական աշխատության» մեջ շեշտում է, որ ավտոճանապարհների սպասարկումն ու կառավարումը Հայաստանում միշտ էլ արտապատվիրակվել է մասնավոր ընկերություններին։

Սրանում առկա է միանգամից մանիպուլյատիվ երկու ասպեկտ, առաջինը՝ դիտավորյալ կերպով «Զանգեզուրի միջանցքը» ներկայացվում է որպես սովորական ճանապարհ, երկրորդը՝ այլ բան է սովորական ճանապարհի սպասարկումն ու կառավարումը արտապատվիրակել որևէ մասնավոր ընկերության, որը կարող է լինել նաև հայկական, այլ բան է ՀՀ տարածքով անցնող Թուրքիա-Ադրբեջան կապը արտապատվիրակել երրորդ կողմին, որը ոչ թե իրականացնելու է սոսկ սպասարկում, այլ ապահովելու է անվտանգությունը, ինչը նշանակում է երրորդ կողմի զինված ներկայություն՝ ՀՀ ինքնիշխան տարածքում։

Կարեն Կարապետյան

Send