- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «Համաս»-ի հետ համաձայնության հայտարարումից անմիջապես հետո զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նրանք շնորհավորել են միմյանց «Համաս»-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի ստորագրման «պատմական նվաճման» կապակցությամբ, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Իսրայելի վարչապետը հրավիրել է ԱՄՆ նախագահին ելույթ ունենալու Կնեսետում։ Թրամփը համաձայնել է։
«Նեթանյահուն ինձ ասաց. «Չեմ կարողանում հավատալ, հիմա բոլորը սիրում են ինձ»»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը հեռախոսազրույցի մասին։
«Ես ասացի. «Ավելի կարևոր է, որ բոլորը կրկին սիրում են Իսրայելին», և դա ճիշտ է։ Ես ասացի. «Իսրայելը չի կարող կռվել ամբողջ աշխարհի դեմ, Բիբի, այն չի կարող կռվել ամբողջ աշխարհի դեմ»։ Եվ նա դա շատ լավ հասկանում է», - ասել է նախագահը Fox News-ին տված հարցազրույցում։
- Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Համաս»-ի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատվածից մասնակի դուրս գալու նախապատրաստական աշխատանքների մասին։
«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և ստեղծված իրավիճակի գնահատման հիման վրա սկսվել են համաձայնագրի իրականացման օպերատիվ նախապատրաստական աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ։
- Մասամբ ճանաչված Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ասել է, որ Գազայի նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է Պաղեստինին։
Պաղեստինի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին, Կատարին և Եգիպտոսին համաձայնագրի կնքման համար։ Աբբասը նաև նշել է Գազան և Արևմտյան ափը մեկ վարչակազմի ներքո միավորելու անհրաժեշտության մասին։
Նախագահը շեշտել է համաձայնագրի բոլոր դրույթների անհապաղ կատարման անհրաժեշտությունը, ներառյալ բոլոր պատանդների և բանտարկյալների ազատ արձակումը, ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով անհապաղ մարդասիրական օգնության մատակարարումը, տեղահանությունների և անեքսիաների կանխարգելումը և վերակառուցման գործընթացի սկիզբը։