Կարծում եմ մի փոքր ճիշտ չէ այն մոտեցումը, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսն ամբողջությամբ դատարկաբանություն էր։ Իհարկե, բովանդակային առումով նոր բան չասվեց, սակայն պաշտոնական ամենաբարձր մակարդակով հաստատվեց ՀՀ արտաքին ու ներքին քաղաքական ուղեգծերը, եթե, իհարկե, դրանք կարելի է քաղաքականություն համարել, առավել ևս սեփական օրակարգ։
Նախ՝ այլևս միանշանակ է, որ «Զանգեզուրի միջանցքը» տրամադրվելու է՝ Թուրքիա ու Ադրբեջան կապ հաստատելու համար, ու ինչպես ավելի վաղ փոխարտգործանախարի մակարդակով հայտարարվել էր, այդ միջանցքի նկատմամբ Հայաստանը որևէ վերահսկողություն չի ունենալու, դիվանագիտական լեզվով ասած՝ արտապատվիրակվելու է երրորդ կողմին։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա այդ մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը ցուցաբերեց կա՛մ անմնացորդ ստրկամտություն, կա՛մ աներևակայելի տգիտություն, կա՛մ երկուսը միասին։
«Երբ ասում են՝ ինչպե՞ս կարելի է Թուրքիայի նման պետության հետ խաղաղություն հաստատել, նշանակում է Թուրքիայի նման պետության հետ պատերա՞զմ են ուզում», -հայտնի չէ, թե ում խոսքերը մեջբերելով, արձագանքում է Նիկոլ Փաշինյանը։
Սկսենք, թերևս, նրանից, որ որևէ լուրջ քաղաքական միավոր կամ գործիչ երբևէ չի հայտարարել, որ մենք երբեք չպետք է Թուրքիայի հետ գնանք խաղաղության։ Սակայն խաղաղությունը միջպետական գործընթաց է, որը պահանջում է քաղաքական կանոններ, բանակցություններ, շահերի համադրումներ, հակասությունների մեղմացումներ ու գործիքակազմերի կիրառում, բայց երբ կողմերից մեկը, երբ նույնիսկ մյուսը անհամեմատ ուժեղ է, անվերապահորեն կատարում է բոլոր պարտադրանքներն ու պայմանները, ապա դա ոչ թե խաղաղության գործընթաց է, այլ պետության լուծարում։
Հաջորդը՝ իհարկե, խաղաղության այլընտրանքը պատերազմն է, սակայն ի գիտություն Փաշինյանի, հարկ է նշել, որ պատերազմը նույնպես, ինչպես խաղաղությունը, միջպետական հարաբերություն է, այդ շղթայի մի մասը։ Երբ պետությունների մեջ առկա է որևէ խնդիր, որը պարտադիր լուծման կարիք ունի, ապա նախ՝ այդ խնդիրը փորձում են լուծել դիվանագիտական ճանապարհով, որոնք կարող են լինել թե՛ ուղիղ, թե՛ միջնորդավորված բանակցությունները, թե՛ տարբեր դիվանագիտական խողովակները։ Դրանց կարող են հաջորդել նաև միմյանց նկատմամբ կիրառվող տարատեսակ պատժամիջոցները ու երբ խնդիրը մնում է չլուծված, ապա նոր պետություններն անցնում են պատերազմի։
Հետևաբար երբ Փաշինյանը կտրում է միջանկյալ շղթան, որի մասին կարող է և չիմանալ ու խաղաղությանը միանգամից հակադրում պատերազմը, ապա նմանվում է այն կենդանուն, որը չի կարողանում տարբերել գույները։ Ուստի Փաշինյանի համար քաղաքականությունն ընդամենը սև ու սպիտակի հակադրություն է, մինչդեռ այն բազմերանգ ու բազմագույն գործընթաց է, որի վրա հիմնվում է ողջ աշխարհը։
Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա ամեն ինչ հստակ ասվեց ու քաղաքական կուրություն կլինի դրանց շրջանցելը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՛ ընդդիմության նկատմամբ հարձակումները շարունակվելու են, քանի որ Եկեղեցին ու ընդդիմությունը Փաշինյանի համար մի ամբողջություն են, հետևաբար նրա համար Եկեղեցու դեմ պայքարն ընթանում է ներքաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում։ Նա կարող է փոխել իր մարտավարությունը, բայց երբեք չի հրաժարվի Եկեղեցին հիմնովին հեղինակազրկելու մտքից։ Իր հավատավոր լինելու մասին հավաստիացումները թուրքական այն կեղծ ժպիտն ու քաղցր-մաղցր խոսքերն են, որոնք օգտագործվում են յաթաղանի զոհի գլխին իջեցնելուց առաջ։ Ի դեպ, թուրքական դիվանագիտության հիմքում արևելյան հետևյալ մոտեցումն է. «Ձեռքը, որը չես կարողանում կտրել, համբուրիր ու դիր ճակատիդ, մինչև այն կտրելու հնարավորությունը կներկայանա»։
Ուստի նրա բոլոր հավաստիացումները, իբր ինքը Հայ Առաքելական Եկեղեցու զավակն է, նրա բոլոր մեջբերումներն Աստվածաշնչից ու սաղմոսներից շատ ավելի վտանգավոր են, քան եթե բաց տեքստով հայտարարեր, որ աթեիստ է։
Կարեն Կարապետյան