«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, եւ նորը չի ձեւավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին: Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։
Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել` նրան դա պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո։ Նախկին կառույցում, ի դեպ, ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը:
Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձեւավորվի Գյումրիում, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի գործող մարզպետը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռեւս ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական՝ այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին:
Սակայն, ինչպես այժմ «Ժողովուրդ»-ին փոխանցում են Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։
Նշենք, որ այս պահին կան 6 տարբեր տեսչական մարմիններ, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր նաեւ, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում. կարելի է ասել՝ տեսչություններում այս առումով բունտ էր հասունանում: Թեպետ կառավարությունում քննարկումների ընթացքում շեշտվել էր, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, սակայն այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։ Կարճ ասած՝ երկար քննարկումներից հետո նոր կոմիտե ստեղծելու հարցն այս պահին առկախ է. գործընթացը կանգ է առել»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Մեզ պատմեցին, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից: Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարեւաններից մեկն է նրան «մատնել»:
Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո «ժողովրդավար» մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում: Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին․ համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ:
