Վրացի մաքսավորները քիչ էին, հիմա էլ վրացի սահմանապահներն են սկսել հայերի համար խնդիրներ առաջացնել։ Եթե մոտ մեկ ամիս առաջ հայկական բեռնատարների վարորդները դժգոհում էին վրացի մաքսավորներից, որ իրենց մեքենաներն անհարկի պահում են, արհեստական խոչընդոտներ հարուցում, վերջում էլ կաշառք ուզում ու նոր բաց թողնում, ապա հիմա էլ վրացի սահմանապահ ծառայության աշխատակիցներն են հայերի նկատմամբ անհամություններ անում։
Թե ինչով է պայմանավորված մեր հարևան ու բարեկամ վրացիների կողմից հայերի նկատմամբ այսպիսի հատուկ վերաբերմունքը, դժվար է ասել, բայց փաստ է, որ Վրաստանում ինչ-որ բան է փոխվել, այդ թվում՝ հայերի հանդեպ։
Երեկ Ռուսաստանից Հայաստան եկող մի հայ ընտանիք Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արժանացել է վրացի սահմանապահների կողմից հերթական կամակոր վերաբերմունքին։ Ընտանիքի անդամները թեպետ ազգությամբ հայ են, սակայն ՌԴ քաղաքացի են, և ՌԴ անձնագրով գալիս էին Հայաստան։ Վերին Լարսի ռուսական հատվածն անխոչընդոտ անցել են, իսկ, ահա, վրացական հատվածում պարզվել է, որ երեք և չորս տարեկան երեխաների անձնագրերի նկարները իրենց նման չեն։ Վրացի սահմանապահները այդպես՝ աչքի պոչով նայել են ու որոշել, որ նկարներում այն երեխաները չեն, որոնք կանգնած են իրենց դիմաց։ Ու արգելել են հատել սահմանը։ Մի քանի ժամ տևած բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, վրացական սահմանապահ ծառայության աշխատակիցները ոչ մի կերպ չեն համոզվել, որ նույն մեքենայով Հայաստան մեկնող հայ ընտանիքի անդամ հանդիսացող երկու անչափահաս երեխաների անձնագրերում հենց իրենց նկարն է՝ ոչ ոք ոչ մի բան չի կեղծել, որևէ անօրինական բան չկա այդ անձնագրերում, պարզապես վրացիների աչքով այդ երեխաները իրենց անձնագրի նկարներին այդքան էլ նման չեն։ Ռուս սահմանապահների համար նման են եղել, վրացիների համար՝ ոչ։
Ի վերջո, գիշերվա կեսին մի քանի ժամ սահմանին սպասեցնելուց հետո մոտ երկու օր ճանապարհներին անցկացնող ընտանիքը ստիպված է եղել վերադառնալ հետ՝ Մոսկվա։ Մեզ ասացին՝ այդ օրը միայն այդ ընտանիքը չէ, որ տուժել է վրացի սահմանապահների կամայականություններից ու մանրախնդիր, անհասկանալի պահվածքից։ Իրենց հետ ևս մի քանի ընտանիք է նույն պատճառաբանությամբ կանգնել փաստի առաջ ու, ի վերջո, ստիպված եղել ետ վերադառնալ։
Թե ինչով է պայմանավորված վրացիների կողմից այսօրինակ վերաբերմունքը հատկապես հայերի հանդեպ, դժվար է ասել։ Այն, որ մեր ամենամոտ բարեկամ վրացիները այնպես չէ, թե շատ բարեհաճ են եղել իրենց սահմանը հատող հայերի հանդեպ, դա նորություն չէ: Հատկապես քաղաքական ենթատեքստով հաճախ են այս տարիներին վրացի սահմանապահները կանգնեցրել տարբեր հանրային, քաղաքական գործիչների ու ժամերով պահել սահմանին, որոշներին արգելել հատել սահմանը, ծնունդով Վրաստանից (Ջավախքից) որոշ գործիչների էլ ուղղակի persona non grata էին հայտարարում՝ արգելելով այցելել իրենց ծննդավայր։ Թվում էր, թե այս ժամանակներն անցել են, բայց, պարզվում է, եկել է հայ-վրացական բարեկամության մի նոր՝ ավելի գունեղ ժամանակաշրջան, երբ հայկական բեռնատարների վարորդներից ամեն քայլափոխի փող են պոկում, հայկական ընտանիքներին էլ անհեթեթ պատճառաբանություններով սահմանից ետ են վերադարձնում։