Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Արարատ Միրզոյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ

Blog Image

Վաշինգտոնից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով ու ամեն առիթով հայտարարում էր, որ վերջ, արդեն խաղաղություն է, խաղաղությունը հաստատված փաստ է, սկսվել է խաղաղության դարաշրջանը, մենք վայելում ենք խաղաղության բերկրանքը ու այսպես շարունակ։ Բնականաբար, նրա այս հայտարարությունից հետո նույն բառերով, նույն առոգանությամբ ու Նիկոլ Փաշինյանի ձայնով այս ամենը կրկնում էին նաև ՔՊ-ականները, մինչ այն պահը, երբ այսօր Արարատ Միրզոյանը «սառը ջուր» լցրեց նրանց գլխին, Ազգային ժողովում հայտարարելով, որ չնայած Բաքվի հետ ստորագրված փաստաթղթին՝ խաղաղությունն ամբողջական չէ։

Այնուհետև նա մատնանշեց բոլոր այն օբյեկտիվ հանգամանքները, այն է՝ երկարատև պատերազմ, թշնամանք, թափված արյուն, գերիներ…որոնք խանգարում են վերջնական խաղաղության հասնելուն։ Հպանցիկ էլ ակնարկեց «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրման մասին։

Ինչ խոսք՝ Արարատ Միրզոյանը ճիշտ է, խաղաղությունը չի լինում ո’չ պայմանագրերով, ո’չ հրամանագրերով, այն չի հաստատվում մի օրում, պահանջում է երկարատև ժամանակ, նույնիսկ երբեմն սերնդափոխություն, մինչև դրա վերջական հաստատումը։ Արարատ Միրզոյանը թեպետ նշեց սոսկ որպես ակնարկ, բայց ճիշտ էր նաև նախաստորագրման առումով։

Սակայն այստեղ կարևոր մի քանի հանգամանք կա։ Նույն բանն է ասում նաև ընդդիմությունը, սակայն իշխանության կողմից որակվում է որպես պատերազմի հրձիգ, որպես պատերազմը՝ քաղաքական գործունեությունը շարունակելու գրավական։ Այդ նույն ՔՊ-ականները ընդդիմությանը նույնացնում էին ադրբեջանական խոսույթի հետ, որ նրանք նույնպես հայտարարում են, որ դեռևս չկա վերջնական խաղաղություն և այլն։

Իսկ այսօր լուռ լսում էին ՀՀ ԱԳ նախարարին, որը խաղաղությանը վերաբերող հարցադրումներին անում էր նույն շեշտադրումները, ինչն անում է ընդդիմությունը։

Հաջորդ հանգամանքը. եթե իշխանությունն ի դեմս Արարատ Միրզոյանի համամիտ է ընդդիմության հետ, որ այս պահին խաղաղություն չկա, ապա արդյո՞ք դա ապացույց չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չհաստատված խաղաղությունը ներկայացնելով որպես կատարված փաստ, շահարկում է այն քաղաքական դիվիդենտներ ստանալու ու անկում ապրած վարկանիշը բարձրացնելու համար։

Ուրեմն ո՞վ է ճիշտ, Արարատ Միրզոյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Առաջինի համար խաղաղությունը վերջնական չէ, երկրորդի համար մենք արդեն ապրում ենք խաղաղության դարաշրջանում ու վայելում դրա բերկրանքը։ Եթե ԱԺ նիստից հետո Արարատ Միրզոյանը WhatsApp-ով իր հրաժարականի մասին հաղորդագրություն չստանա, կնշանակի նա ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ։

Կարեն Կարապետյան

Send