Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական էջերում հրապարակում են իրենց «նախահեղափոխական» նկարները։ Ինչպես բազմիցս ենք համոզվել, նրանք ոչինչ հենց այնպես չեն անում։ Նրանց ցանկացած խոսքի, գրառման, նույնիսկ լուսանկարի հրապարակման հիմքում ընկած է հստակ նպատակ։
Շատերը ծաղրում են այդ լուսանկարները, շատերը հին ու ներկա լուսանկարների աչք ծակող տարբերություններում տեսնում են կոռուպցիոն մեծածավալ գործարքներ, մինչդեռ դրանք ունեն հստակ թիրախային խմբեր ու քարոզչական նպատակ՝ միտված առաջիկա ընտրություններին։
Այդ լուսանկարները ոչնչով չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի այժմյան կեպիից, որը նա կրում է նույնիսկ օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ։ Երկու դեպքում էլ նա լյումպեն մասային, որը նրա այժմյան ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունն է, փորձում է համոզել, թե՝ «ես նույն Նիկոլն եմ, ես մեկն եմ ձեզանից, որին գործուղել եք կառավարություն»։
Ընդ որում, այդ լուսանկարների հրապարակումներն ընթանում են «Կրթվելը նորաձև» է ծրագրին զուգահեռ, քանի որ դրան մասնակցում են հիմնականում պետական կառույցների աշխատողները, որոնց չմասնակցելու այլընտրանքը աշխատանքից զրկվելն է։ Լուսանկարներով «հիանում» են նրանք, որոնք երբևէ չեն կրթվել ո՛չ նախկինում, ո՛չ էլ կրթվելու են հիմա։ Այլ խոսքով՝ լուսանկարների «շահառուն» հիմնականում այն նույն մարդն է, որը «Կիսաբաց լուսամուտներում» հայտարարում է․ «Մարիա՛մ, եթե ինձ մերժես, իմ կյանքի ճղները կկոտրվեն»։
Եվս մի հանգամանք. նրանք այդ լուսանկարները հրապարակում են հետևողականորեն ու այնպիսի հաճախականությամբ, որ «Կրթվելը նորաձև է» ծրագիրը երբևէ չդիտող, դիտելուց էլ ոչինչ չընկալող իրենց ընտրազանգվածի այդ հատվածի մոտ կրկին արմատավորվի հին Նիկոլը, ճիշտ այնպես, ինչպես խորհրդային տարիները կարոտողի մոտ նոստալգիկ կերպով արմատավորվել է գաստրոնոմի ցուցափեղկի երշիկը։
Այլ խոսքով՝ այս փուլում նրանք քարոզարշավը տանում են երկու ուղղությամբ. մեկը՝ «Կրթվելը նորաձև է» ծրագիրն է, որի միջոցով քարոզում են «Իրական Հայաստան» ապազգային գաղափարախոսությունը, և որի հիմնական թիրախը շահագրգիռ խումբն է, մյուսը՝ իրենց հին լուսանկարները, որի թիրախն այն խումբն է, որի համար մեկ է, թե ինչ կասի Նիկոլը, կարևորը նրա «մեր Նիկոլը» սֆաթը կրկին հայտնվի իրենց տեսադաշտում։
Կարեն Կարապետյան