Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

«Տուգանքի և թալանի մատերիալ» դարձած քաղաքացիներ, չբարեփոխված տրասնոպրտային համակարգ․ ի՞նչ խնդիրներ կան

Blog Image

Քաղաքային իշխանությունները՝ հաճախակի անդրադառնալով հանրային տրանսպորտին, նշում են, որ հանրային տրանսպորտը արդեն, այսպես ասած, «բարեփոխված է»։ Չնայած անզեն աչքով էլ տեսանելի է, որ այս ոլորտում դեռ բավականին շատ խնդիրներ կան, այնուամենայնիվ, իշխանությունները ոչ միայն բարձրացրեցին ուղեվարձը, այլև հաշված օրերից՝ օգոստոսի 1-ից քաղաքացիները կրկին անգամ ապացուցելու են, որ «տուգանքի մատերիալ են»։ 

Հուլիսի 3-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։ Օրենքը սահմանում է երեք հիմնական տուգանքի չափ՝ 10,000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։ 15,000 դրամ՝ ուրիշի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։ Սա ամենաբարձր տուգանքն է այս շարքում։ Եվ 3,000 դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը MediaHub-ի հետ զրույցում  նշեց, որ ինքը  «բարեփոխված» տրանսպորտային համակարգում բազում խնդիրներ է արձագանագրում։

«Ինչպես գիտեք՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը ի սկզբանե դեմ է եղել թանկացմանը, հանդես էր եկել նախագծով, որ հնարավոր է Երևանում տրոլեյբուսի ուղեվարձը թողնել 50 դրամ, իսկ ավտոբուսներինը ու մետրոյինը՝ 100 դրամ և բարձրացնել սպասարկման որակը՝ քաղաքացիներին չդարձնելով թալանելու մատերիալ, իսկ այժմ էլ տուգանքի մատերիալ»,– նշեց Աղեկյանը։

Ի սկզբանե քաղաքային իշխանությունը փորձում էր հանրային տրանսպորտը թանկացնել՝ 100 դրամից սակագինը միանգամից 300 դրամ դարձնելով, սակայն ստորագրահավաքներից և բոյկոտից հետո իշխանությունը որոշակի զիջման գնաց՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձը սահմանելով 150 դրամ։ Ըստ Աղեկյանի՝ քաղաքային իշխանությունը ցույց տվեց, թե ուղեվարձը 300 դրամից իջեցրել է 150 դրամի, սակայն տրոլեյբուսի դեպքում այն 50 դրամից դարձավ 100 դրամ, որը ձեռնտու չէ, օրինակ, թոշակառուներին կամ ուսանողներին, ովքեր պատրաստ էին սպասել 20 րոպե ավելի, որ երթևեկեն տրոլեյբուսով՝ 50 դրամ վճարելով։

Իսկ ո՞ւր մնացին բարեփոխումները, որոնց մասին այդքան շատ սիրում են խոսել քաղաքային իշխանությունները:

«Չենք արձանագրում որևէ բարեփոխում՝ կանգառասրահներից շատերը համապատասխան կահավորում չունեն, չվացուցակներ չկան, քաղաքը ծանրաբեռնված է, ավտոբուսի համար նախատեսված երթուղիները գերբեռնված են, ավտոբուսներում մարդիկ խցկված են երթևեկում»,– ասաց Աղեկյանը։

Այս օրերին, երբ ARCA համակարգում խնդիրներ էին արձանագրվել, չէին աշխատում նաև ավտոբուսներում, տրոլոյբուսներում և մետրոպոլիտենում վալիդատորները, մարդիկ էլ չէին կարողանում վճարել իրենց ուղեվարձը։ Օգոստոսի 1–ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել վճարման 3 տարբերակով՝ տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ , բջջային հավելված, այսինքն, թղթային QR կոդն այլևս չի աշխատի։ Փաստացի, եթե թղթային տարբերակ չլինի, իսկ վալիդատորները չաշխատեն, ապա մեծ խափանումներ կլինեն։

«Այս պարագայում իրենք երևի իրենց պիտի տուգանեն, չնայած, վստահ ենք, որ չեն տուգանի։ Եթե ARCA համակարգը չի աշխատում, բանկային քարտում հասարակական տրանապորտից օգտվող մարդու մոտ գումար կա, մարդը մոտենում է վալիդատորին, որ իրականացնի գործարքը՝ մերժում է ։ Ուղևորի իրավունքները ոտնահարված են, փոխանակ քաղաքային իշխանությունը այդ խնդիրները վերացնեն, արդեն սկսել են  մինչև օգոստոսի 1–ը  վերապատրաստել քաղաքապետարանի հասարակական կարգի ապահովման վարչության համապատասխան մի քանի աշխատակիցների, ինչի համար, եթե չեմ սխալվում,  260 մլն դրամ գումար է ծախսվել։  Քաղաքային իշխանությունը երևանցիների հարկերից գոյացած պետական բյուջեն ծառայեցնում է ոչ թե երևանցիների շահերին, այլ քաղաքացուն «տուգանքի և թալանի մատերիալ» դարձնելու համար»,– նշեց Աղեկյանը։

Մարիաննա Արամյան

Send