Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե ընդդիմությունը ցանկանում է հասնել Փաշինյանի հեռացմանը, ՔՊ-ին պետք է տարանջատի նրանից

Blog Image

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն այժմ թևակոխում է երկրորդ փուլ, քանի որ տեսականորեն խորհրդարանական ընդդիմությունն արդեն միասնական է գոնե ստորագրությունների մակարդակով։ Գործընթացը շարունակելու համար պակասող ձայները պետք է ապահովել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ինչն առաջին հայացքից թվում է շատ բարդ, սակայն ամենևին ոչ անիրականանալի խնդիր։ 

Իշխանությունը փլուզելու ու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար ընդդիմությունը պետք է օգտվի այն իրավիճակից, որը հենց իշխանությունն է ապահովում նրանց համար։ Առաջինը՝ Հայաստանում գոյություն չունի իշխանական բուրգ, գոյություն չունի համակարգ ու հիերարխիա։ Ամբողջը կառուցված է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, այսինքն՝ Հայաստանում ամբողջապես միահեծան իշխանություն է։ Միահեծան իշխանությունները առաջին հայացքից որքան էլ ամուր թվան, այնուամենայնիվ, նրանք ունեն մի շատ խոցելի կողմ՝ բացակայում են քաղաքական լուրջ դերակատարները, բացայակում է համակարգը, որը կարող է իմունիտետ ապահովել միահեծանության գլխին կանգնածին։ Նման դեպքերում վտանգի նույնիսկ թույլ արտահայտման դեպքում ստորին օղակներում գտնվողներն ավելի հեշտ կլքեն բռնապետին, քան եթե լիներ ամբողջատիրական կառավարում, յուրաքանչյուրն իշխանության իր մասնաբաժնով ու պատասխանատվությամբ։ 

Օրիկան՝ Խորհրդային Միության տարիներին իշխում էր Կենտկոմը, ու ԽՍՀՄ Գլխավոր քարտուղարը ընտրվում էր հենց այդ կազմից, սակայն յուրաքանչյուրն ուներ իր լուրջ դերակատարումը երկրի կառավարման գործում, հետևաբար եթե վտանգ սպառնար Գլխավոր քարտուղարին, ապա համակարգն իր մեջից կընտրեր ուրիշին, սակայն ամենևին չնվազեցնելով իր դերը։ Այսօր չկա այդ դերաբաշխումն ու դերակատարումը, բոլորն անխտիր կատարում են բացառապես մի հոգու՝ Նիկոլ Փաշինյանի կամքը, ուստի, էլի եմ շեշտում, Նիկոլ Փաշինյանին սպառնացող վտանգի դեպքում քչերը պատրաստ կլինեն նրա հետ հավասար կիսել նույն ճակատագիրը։

Հաջորդ կողմը այն ռեպրեսիվ գործելաոճն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածել ոչ միայն ընդդիմադիրների, այլ հենց իր շրջապատի վրա։ Հռոմեական կայսրության առաջին եռապետության ժամանակ Մարկոս Կրասոսի մահը հանգեցրեց քաղացիական պատերազմի։ Եռապետության մյուս անդամները՝ Հուլիոս Կեսարն ու Գնեոս Պոմպեոսը, ուղիղ հակամարտության մեջ մտան հանուն ամբողջական իշխանության։ Ահա այդ պատերազմի ընթացքում Պոմպեոսը հայտարարեց. «Ով իմ հետ չէ, նա իմ դեմ է», որին հետևեց Կեսարը կոչը. «Ով ինձ հետ չէ, նա իմ դեմ չէ»։ Կեսարի այդ կոչը միջանցք թողեց բոլորի համար, այնինչ Պոմպեոսն իր հայտարարությամբ բոլորին մտցրեց փակուղի։ Ստացվում էր, որ մարդիկ հանուն նրա պետք է գնան վա բանկ, ինչին ոչ բոլորն են ունակ, կամ ոչ բոլորն են ցանկանում։ Արդյունքում Պոմպեոսի յուրայիններից սկսվեց ցանգվածային հոսք դեպի Կեսար, ինչն էլ հանդիսացավ վերջինիս հաղթանակի գրավականներից մեկը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը գործում է Պոմպեոսի ոճով ու որպես հակադրություն՝ ընդդիմությունը պետք է որդեգրի Կեսարի քաղաքականությունը, այսինքն՝ բաց դուռ թողնի բոլորի համար։ Որքան ՔՊ-ականներն իրենց վրա քիչ զգան ընդդիմության ճնշումը, այնքան նրանց ուսերին կծանրանա Փաշինյանի բռնապետության լուծը։ Եթե Փաշինյանը նրանց համար դատավճիռ է, հանձինս ընդդիմության պետք է տեսնեն փրկվելու հնարավորություն։ Իսկ եթե երկու կողմից էլ բախվեն փակ դռան, բնականաբար կընտրեն այն, ինչն արդեն ունեն։ 

Հետևաբար քաղաքականությունը հնարավորի արվեստ է՝ կա’մ հասնում ես նպատակին, կա’մ ոչ, ըստ այդմ, եթե ընդդիմությունը փորձում է հասնել Փաշինյանի հեռացմանը, պետք է ՔՊ-ին տարանջատի նրանից։

Կարեն Կարապետյան

Send