Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան «Fox News»-ի եթերում խոսել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների մասին։
«Ես ընդամենը 19 տարեկան էի, շատ երիտասարդ։ Եվ այդ ժամանակ որոշումներ կայացնելու ազդեցություն չունեի։ Այդ ժամանակ «Ալ-Քաիդան» իմ թաղամասում ներկա չէր։ Այնպես որ, դուք սխալ մարդու հետ եք խոսում այս մասին»,- ասել է Սիրիայի նախագահը։
«Մենք սգում ենք յուրաքանչյուր զոհված քաղաքացիական անձի համար, և գիտենք, որ մարդիկ տառապում են պատերազմի պատճառով»,- հավելել է նա։
Ահմեդ ալ Շարաան եղել է Սիրիայում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղի՝ «Ջաբհաթ ալ Նուսրայի» առաջնորդներից մեկը։ 2016 թվականի հակամարտությունից հետո նա հայտարարել է «Ալ-Քաիդայից» անջատվելու մասին և մասնաճյուղը վերանվանել է «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ», որը 2017 թվականին միավորվել է մի քանի ջիհադիստական խմբավորումների հետ և վերակազմավորվել որպես «Հայաթ Թահրիր ալ Շամ»։
