Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Օհանավանցին պետք է տեսներ նաև ընդդիմադիրների՝ օծված քահանայի ուղեկցությամբ, ոչ թե Ֆեյսբուքում կարդար ողբալի գրառումներ

Blog Image

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի կրկին Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի։ Նրա գործողությունները պարզ են, ինչպես միշտ։ Փաշինյանը Հովհաննավանքում պատարագի կմասնակցի այնքան ժամանակ, մինչև այդ թեման դուրս գա օրակարգից, խոսակցական լեզվով ասած՝ «թեման հոգնի», ու Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) կողմից մատուցված պատարագները դառնան սովորական, նա շարունակի իր «հոգևոր» ծառայությունը, այլ խոսքով, նրա շուրջ ձևավորվի «այլընտրանքային» հոգևորականություն, որոնք էլ կդառնան Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունելի քահանաների հիմքը։ Նրանց միջոցով Փաշինյանն, իհարկե, կավարտի իր գրոհը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կփոխի Վեհափառին, եկեղեցական վերնախավն, ու կյանքը կշարունակի իր հունով։

Կարճ ժամանակում կմոռանան հին Վեհափառին, նորի համար կերգեն. «Երկար կյանք տուր Հայրապետին», ժողովուրդը որդիական խոնարհությամբ կհամբուրի նրա աջը, քաղաքական գործիչները, այդ թվում ընդդիմադիր, հերթով կգնան նրան այցելության ու դրա համար կունենան հիմնավոր արդարացում. «Կարևորը ոչ թե անձն է, այլ ինստիտուտը»։ Մենք կսովորենք ապրել նոր Հայրապետի գահակալությամբ այնպես, ինչպես սովորեցինք ապրել առանց Արցախի, առանց Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մեր տարածքների, առանց Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների, մեր բառապաշարից դուրս կգա Փաշազադեի անունը ու այլևս ոչ ոք չի շեշտի, որ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գրոհն իրականացվում էր հենց նրա թելադրանքով։

Կա՞ մարդ, որը կասկածում է, որ այդպես է լինելու։ Հիմա ո՞վ է տալիս Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանի անունը, այնինչ դեռև մեկ տարի առաջ հրապարակը լեփ-լեցուն էր, ու բոլորը գոռում էին. «Բագրատ վարչապետ», ո՞վ է տալիս Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունը, սակայն դեռ մի 2-3 ամիս առաջ մարդիկ հավաքված էին Մայր Աթոռի դիմաց, որպեսզի թույլ չտան նրա ձերբակալությունը։

Հիմա ո՞վ է տալիս Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի անունները, նրանք բոլորը հիշատակվում են մի ռելիզով ու մի անվամբ. «Բաքվում ընթանում է դատավարություն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ», այն էլ միայն այն օրը, որ օրը տեղի է ունենում դատավարությունը։ Եթե մեկ տարի որևէ դատ չընթանա, ապա մեծ է հավանականությունը, որ մեկ տարի նրանց անունները գրեթե չեն հնչի։

Գյումրին շատ արագ կմոռանա Վարդան Ղուկասյանին, ինչպես վաղուց մոռացվել է Մամիկոն Ասլանյանը, ու ինչպես այսօրվանից սկսված կարճ ժամանակահատվածում Մասիսը կմոռանա Դավիթ Համբարձումյանին։ Եթե «Մեր ձևովը» մի ամիս հանրահավաք չանի, այլևս ոչ ոք չի խոսի Սամվել Կարապետյանի մասին։

Գուցե մի քիչ չափազանցված, բայց սա է այն իրականությունը, որում ապրում ենք բոլորս, ու որը շատ լավ հաշվարկում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն ընդդիմության, ոչինչ կիսատ չի թողնում, ցանկացած թեմա նա բերում է օրակարգ, շատ արագ դարձնում սովորական, որքան էլ մարդկանց առաջնային ռեակցիաները շոկային լինեն, այնուհետև նույն արագությամբ անցնում հաջորդ թեմային։

Նիկոլ Փաշինյանի գործողությունների տրամաբանությունում ոչ մի փոփոխություն չի կատարվում, նա մշտապես առաջ է շարժվում նույն ընթացքով, իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը՝ ոչինչ։ Ի՞նչ է նա հակադրում Փաշինյանի գործողություններին՝ միայն հարցազրույցներ, այն էլ այդ հարցազրույցների համար մեծամասամբ պետք է պարտական լինեն լրատվամիջոցներին։ Շատ դեպքերում հենց լրագրողներն են գեներացնում ընդդիմադիր օրակարգ, ինչպես եղավ Հովնաննավանքի դեպքում, ու եթե նրանք մի օր որոշեն, որ այլևս չեն խոսեցնելու որևէ ընդդիմադրի, այսօրվա ընդդիմադիրների առնվազն կեսն իսպառ կմոռացվի։


Եկեք մի կողմ թողնենք «ժողովուրդը իմաստուն է», «ժողովուրդը միշտ վերջում ճիշտ է դուրս գալիս», «ժողովուրդը երբեք չի սխալվում» ամբոխահաճո ու կեղծ հայտարարությունները ու պատասխանենք մի պարզ հարցի՝ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն այդքան լավ է ճանաչում հանրության տրամադրություններն ու կարողանում դրանք օգտագործել իր շահերի համար, իսկ շատերին դա չի հաջողվում։ Մի պարզ պատճառով, նախ՝ նա քաղաքականությամբ սկսել է զբաղվել ոչ թե կոստյումով ու փողկապով, ինչպես շատերը, այլ ջինսերով ու շապիկներով, երկրորդը՝ առկա տրամադրությունների մեծ մասը հենց ինքն է գեներացրել տարիների ընթացքում։ Իսկ այսօրվա ընդդիմության շատ շերտերի նախ՝ չի հաջողվում որևէ տրամադրություն գեներացնել, երկրորդը՝ աշխատասենյակից միանգամից գնում կոստյում-փողկապով կանգնում են գյուղացիների առջև, նրանց գլխին վերամբարձ ճառ կարդում ու փորձում ապացուցել, որ իրենցից մեկն են։

Սակայն սա քաղտեխնոլոգիայի խնդիր է, կարելի է հաջողության հասնել և այդպես, սակայն հաջողության հասնելու համար կա մի շատ կարևոր պայման, քայլ անելը։ Նույն օհանավանանցին Հովհաննավանքում պետք է տեսներ նաև ընդդիմադիրների՝ տվյալ եկեղեցու օծված քահանայի ուղեկցությամբ, այլ ոչ թե պատարագից հետո Ֆեյսբուքում կարդար զարյացած ու դատապարտող գրառումներ, եթե առհասարակ կարդար։ Հետևաբար կիրակի օրը օհանավանցին տեսավ մի բան, որ իշխանություն կա, իսկ ընդդիմություն՝ ոչ։

Կարեն Կարապետյան

Send