Այսօր հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը։
Մասնավորապես, Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։
Կարապետյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից հետո ՀՀ Կառավարությունը հայտարարեց՝ հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ արբիտրաժային դատարանում Սամվել Կարապետյանի ընտանիքի տարած հաղթանակը ՀՀ իշխանության մոտ «եղանակ չի փոխում»։ Իսկ ի՞նչ հետևանք կլինի, եթե արբիտրաժային դատարանի որոշումից հետո ՀՀ Կառավարությունը ձեռնպահ չմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։
Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է փաստաբան Սոս Հակոբյանի հետ։
«Ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է հստակ ծանոթ լինել և՛ ներկայացված պահանջին և՛ դատարանի վճռին։ Մամուլում տեղ գտած հրապարակումներից ես ենթադրում եմ, որ ներկայացվել էր հայց իրավունքի խախտման վտանգը բացառելու պահանջով, քանի որ հստակ կան Կառավարության հայտարարություններ՝ ՀԷՑ-ն ազգայնացնելու և Սամվել Կարապետյանի սեփականությունը ոտնահարելու մասին։ Եվ հիմա, ըստ առկա հրապարակումների, դատարանը պարտավորեցրել է ՀՀ-ին ձեռնպահ մնալ այդպիսի քայլերից»,- նշեց Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս որոշումը Կառավարությունը փորձում է մեկնաբանել այնպես, որ առնվազն կառավարման մասով միջամտությունը չի վերաբերում իրենց կողմից ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակելու հանգամանքին, ինչն, իրականում, այդպես չէ։
«Բնականաբար, ոչ մի Կառավարություն էլ իր խախտումները չի ձևակերպում հենց այնպես՝ անունը դնելով խախտում։ Ինչ-որ իրավական փաթեթավորում տալիս են․ հիմա Հայաստանն այդ փաթեթավորման անունը դրել է ինչ-որ ճգնաժամային հանգամանքներով պայմանավորված ՀԾԿՀ-ի կողմից օրենքով տրված լիազորությունների կատարում։ Բայց իմ կարծիքով, եթե վճռում հստակ նշված է՝ չխառնվել ՀԷՑ կառավարմանը, ապա այդ կետն արդեն խախտված է ՀՀ-ի կողմից։ Իհարկե, վճռի կատարման համար կարող են իրենք դիմել ՀՀ դատարան, որպեսզի այն դատարանի կողմից ճանաչվի, որից հետո արդեն կիրականացվի հարկադիր կատարում։ Սա է ընդհանուր տրամաբանությունը»,- նկատեց փաստաբանը։
Հարցին, թե ինչ կլինի, եթե այնուամենայնիվ, Հայաստանն անտեսի արբիտրաժային դատարանի վճիռը, Սոս Հակոբյանը պատասխանեց՝ ոչ մի միջազգային արբիտրաժ որևէ երկրում իշխանության վրա ներազդելու գործիքակազմի չի տիրապետում։
«Հարկադիր կատարում ապահովող ծառայությունը կարող է և չենթարկվել արբիտրաժի որոշմանը։ Այդ դեպքում ճնշման գործիք է հանդիսանում այլ երկրներում տվյալ երկրի ակտիվների որոշ մասի վրա արգելանք դնելը։ Պարզապես դատարանը պետք է դիմի այդ երկրներին և այդտեղ պահանջի որոշման կատարում»,- ներկայացրեց փաստաբան Սոս Հակոբյանը։
Նարե Գնունի