«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ մանրամասներ է պարզել՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության աղմկահարույց քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, այս գործով կալանավորվել են Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Սակայն «Ժողովուրդ»-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ նրանց պահման հարցը դարձել է լուրջ մարտահրավեր։ Ըստ նույն աղբյուրների՝ կալանավորումից հետո փորձ է արվել տեղափոխել նրանց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղից փաստացի մերժում է ստացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիմնավոր վախեր կան, որ սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կարող է դառնալ վրեժխնդրության պատճառ անգամ բանտի պատերից ներս։ Իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ Գրիգորյանի կողմնակիցներից որեւէ մեկը գուցե ՔԿՀ-ում կապեր ունի եւ կարող է փորձել հաշվեհարդար տեսնել։ Այս գործով, ի վերջո, խոսքը նաեւ վերաբերում է ոստիկանության օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությանը, ինչը միայն էլ ավելի է սրում իրավիճակը։
Այս ֆոնին իրավապահները որոշել են Նարեկ Օհանյանին եւ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք այժմ գտնվում են խիստ վերահսկվող կարանտինային պայմաններում։ Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից։
Հարկ է նշել, որ Վալոդյա Գրիգորյանը համարվում էր ազդեցիկ համայնքային գործիչ՝ բազմաթիվ հետեւորդներով։ Նրա սպանությունը շոկ էր համայնքի համար, իսկ գործին առնչվող անձանց հանդեպ հասարակական վերաբերմունքը՝ ծայրաստիճան բացասական։ Հենց այս հասարակական ֆոնն էլ ստիպել է իրավապահներին գործել ոչ ստանդարտ սցենարով՝ նախապատվություն տալով անվտանգության առավելագույն ապահովմանը, նույնիսկ եթե դա նշանակում է կալանավորներին ամբողջությամբ կտրել արտաքին աշխարհի եւ բանտային միջավայրի շփումներից։
«Ժողովուրդ» օրաթերթը հետեւում է այս գործով բոլոր զարգացումներին եւ առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ, այդ թվում՝ նախաքննության առաջընթացից եւ հնարավոր մեղադրանքների շրջանակից»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձեւավորել է դրոշի գույնի կտորներով։ Մեխակյանը, թերեւս, զերծ է մնացել Էջմիածնի դրոշն իր ամբողջական տեսքով ու բովանդակությամբ ներկայացնելուց՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գա։
Իսկ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է՝ ավելի քան 2000-ամյա պատմությամբ, անցած ճանապարհով ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Զինանշանի երջանկահիշատակ հեղինակն այն ստեղծելիս հիմնվել է աթոռանիստ քաղաքի հոգեւոր ու պատմական իրադարձությունների վրա։
Բերդապարիսպը ներկայացրել է որպես հայ ազգի քրիստոնեական հավատքի նկատմամբ նվիրվածության եւ օտար կրոնական պարտադրանքներին չենթարկվելու, իսկ խաչերը՝ քրիստոնեության խորհրդանիշներ։ Զինանշանի կենտրոնում «Էջմիածին», «Էություն» իմաստն արտահայտող «Է» տառն է՝ շրջապատված չորս քերովբեներով՝ հրեշտակներով։
Միակ բանը, որ համայնքի ղեկավարությունը պահպանել է դրոշից՝ մանուշակագույնն ու դեղինն են, որոնցով փորձել է տավորություն ստեղծել, թե հարգում են հոգեւոր քաղաքի պատմությունն ու բնակիչներին։ Էջմիածնի դրոշն առաջին անգամ քաղաքի գլխին ծածանվել է 2007 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր` գրեթե ամեն տարի պետական տոների եւ Էջմիածնի տարեդարձի առիթներով ՀՀ եւ Արցախի հանրապետության դրոշների հետ կողք-կողքի քաղաքի կենտրոնական թաղամասերում փողփողացել է նաեւ Էջմիածնի դրոշը։
Հնամենի քաղաքն իր տարեդարձը երբեք այսքան անշուք ու խղճուկ չի դիմավորել, ինչքան այսօր։ Էջմիածնի տոնը նշվում է այսօր` հոկտեմբերի 8-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես Փարաքարում, իշխանական ճնշումների ալիքը չի դադարում։ Քաղաքական ռեպրեսիաների կենտրոնում ոչ միայն Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, այլեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ընդ որում, Գյումրիում իրավիճակը փոխելու քաղաքական հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից:
Ակնհայտ է, որ հրահանգն արդեն տրված է, այն է՝ մինչեւ 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտից հեռացնել մարդկանց, ովքեր իրական աջակցություն ունեն համայնքներում։ Մարտուն Գրիգորյանը այդ ցանկում է:
Իշխանական մեքենան ընտրել է մի քանի ուղղություններ: Մարտուն Գրիգորյանի դեմ «շիբինի տեսքով ընտրակաշառքի» թեման են ակտիվացրել՝ ցանկանալով նրան մեղադրանք ներկայացնել՝ ի վերջո ազատազրկմանը հասնելու համար։ Սակայն այդ պրոցեսը չի սահմանափակվում միայն պատգամավորի անձով. թիրախում են նաեւ նրա ընտանիքի անդամները։ Ավագ որդի Կամո Գրիգորյանի նկատմամբ այժմ հայտարարված է հետախուզում։ Միջնեկը՝ Կարեն Գրիգորյանը, որպես Գյումրու ավագանու անդամ, վերահսկվող սարքով է շրջում քաղաքում նույն շիբինի գործով։ Հայրը` Կամո Գրիգորյանն էլ թոռան՝ Կարեն Գրիգորյանի կարգավիճակում է:
Հիշեցնենք, որ քարոզչական ու վարչական ճնշումներով Մարտուն Գրիգորյանի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության անդամ Կարեն Բադալյանին գողացան. այդ մասին ահազանգել էին փաստաբանները: Անհետացումից հետո նա մանդատից հրաժարվելու դիմում գրեց, այնուհետեւ հեռավար դիմում գրեց մանդատը հետ վերցնելու համար, ի վերջո՝ դատարանում պարտություն կրեց, եւ Մարտուն Գրիգորյանը կարողացավ իր ստացած մանդատին տեր կանգնել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարտուն Գրիգորյանի երբեմնի մտերիմ Կարեն Բադալյանն այդ դեպքերից հետո ընտանիքով հեռացել է Գյումրուց։
ՔՊ-ի առանձնահատուկ թիրախում է պատգամավորի ավագ որդին` Կամո Գրիգորյանը, որը, չնայած երիտասարդ տարիքին, հեղինակություն ունի Գյումրիում, եւ իշխանությունը փորձում է նրան մեկուսացած պահել` չեզոքացնելու նպատակով։ Նույն տրամաբանությամբ փորձում են սահմանափակել Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի դիրքերը՝ նրան եւս զրկելով գյումրեցիների հետ շփումից, քանի որ նա էլ ազդեցիկ է համայնքում:
Միեւնույն ժամանակ, իշխանությունը չորս կողմերից աշխատում է բորբոքել թշնամությունը Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ՝ քարոզչական հակադրություններ, լարումներ առաջացնելով։ ՔՊ-ն ձգտում է հասնել Գրիգորյանների եւ Ղուկասյանների թիմերի միջեւ կրակոցների:
Մարտուն Գրիգորյանը լուռ է, չի արձագանքում բացահայտ հակադարձումներով։ Իսկ Վարդան Ղուկասյանը երեկ արդեն հրապարակավ ակնարկեց, թե «Մեզ ուզում են Մարտունի հետ «հագցնել իրար»»։ Ապա Փարաքարի հետընտրական լարումների օրինակով շարունակեց. «Ձեր ենիչերներին ուղարկում եք, սուտ էդ կյանքերի մեջ, նրանց դուխ եք տալիս, ձեռքին տալիս եք ավտոմատ, ինչ ուզում՝ պետականորեն կառուցում եք: Կամ ասեք՝ սա դեմոկրատական երկիր է, կամ ասեք՝ միանձնյա ղեկավարում է» երեկ հայտարարեց Ղուկասյանը:
Ասել է թե` Գյումրիում Փարաքարի սցենարն են փորձում գործի դնել` ցույց տալով, թե կան երկու խմբավորումներ, որոնք իրար ոչնչացնում են: Թերեւս Գյումրիում երկու ընտանիքներն էլ՝ ե՛ւ Գրիգորյանները, ե՛ւ Ղուկասյանները, կանխատեսում են, որ ինչ-որ քրեական պատմություն է եփվում ինչ-որ տեղ, որպեսզի կողմերից մեկին ֆիզիկապես ոչնչացնեն, մյուս կողմին էլ կալանավորեն»։