Արդեն չգիտենք՝ ում դիմենք, մեքենան տարել են տուգանային ու չեն տալիս, պատճառաբանություն էլ չկա։ MediaHub-ի հետ զրույցում նեղսրտած նշում է Տաշիրի բնակիչ Ի․ Պապիկյանը, որի ամուսնու մեքենան հունիսի 19-ին տարել են տուգանային հրապարակ՝ պատճառաբանելով, թե այդ ամենն արվում է, որպեսզի Տաշիրից քաղաքացիները չգան Երևան՝ մասնակցելու ի աջակցություն ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի իրականացվող բողոքի ակցիաներին։
Հիշեցնենք, որ դեռ ուրբաթ MediaHub-ը գրել էր, որ Տաշիրի բնակիչներից մեկի մեքենան Ստեփանավանից Տաշիր գալու ճանապարհին կանգնեցրել էին ու տարել տուգանային հրապարակ։ Պատճառաբանությունը, որ ներկայացրել էին պարեկները, այն է, թե մեքենան իրենց բազայում չի երևում։
«Երբ մենք մեքենայի բոլոր փաստաթղթերը ներկայացրինք, հույս ունեինք, որ մեքենան կտան, բայց ասացին, որ մինչև Երևանից հրահանգ չլինի, չեն կարող տալ մեքենան։ Ես իրենց նաև ներկայացրել եմ բանկային գործարքի ժամը, որ տեսնեն՝ ինչու էինք գնացել Ստեփանավան։ Բանկերից մեկից վարկ ենք վերցրել, լրիվ ցույց եմ տվել, բայց անիմաստ»,- մեզ հետ զրույցում պատմել էր մեքենայի տիրոջ կինը՝ Ի․ Պապիկյանը։
Մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ շաբաթ օրն է ամուսինն ամբողջ օրն անցկացրել ոստիկանության շենքի մոտ, որ հստակ պատասխան ստանա, թե երբ են մեքենան տալու, սակայն որևէ մեկն իր հարցերին չի պատասխանել։
«Էդ մեքենան մեր ապրուստի միջոցն է, հիմա վարկեր ունենք փակելու, ի՞նչ անենք։ Էս ի՞նչ են բերում մարդկանց գլխին։ Նիկոլ Փաշինյանը մեզ բացի վատությունից ոչ մի բան չի արել, մենք մի լավ բան չտեսանք»,- նշեց նա։
Մենք դիմել ենք ՆԳՆ, որպեսզի հասկանանք՝ ինչո՞ւ են քաղաքացու մեքենան տարել տուգանային հրապարակ և երբ են վերադարձնելու։ Այս պահին հստակ պատասխան չունենք, ավելին՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեզ հայտնեց, որ անգամ իր դիմումը այս հարցի վերաբերյալ ՆԳՆ պաշտոնյաները թողել են անպատասխան:
Նարե Գնունի