Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա, ՔՊ-ական պատգամավորներն ընդդեմ կառավարության. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու յուր իշխանությունը «գլուխ է գովում», թե իբր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են «կամավոր ատեստավորման» համակարգի շնորհիվ, պարզվում է՝ իրականությունը լրիվ հակառակի մասին է վկայում: Բացի այն, որ «բարձր» աշխատավարձ ստացողները բավականին քիչ են, միևնույն ժամանակ մանկավարժները լուրջ դժգոհություններ ունեն նշյալ համակարգից:

Բացի այդ, խմբագրությունը ավելի ու ավելի շատ զանգեր է ստանում տարբեր դպրոցներից, որ այսօր ուսուցիչների մեծ պակաս կա: Մեր նախնական ուսումնասիրությունները ևս վկայում են, որ Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան: Բավական է հետևել պաշտոնական կայքերին, նաև դպրոցների սոցիալական էջերին, որպեսզի համոզվես, թե ինչքան շատ են հայտարարությունները, որոնք պահանջում են այս կամ այն առարկայի ուսուցիչ:

Խնդիրը սուր է, մասնավորաբար, բնագիտական մասնագիտությունների գծով, չնայած այնպես չէ, որ հումանիտար առարկաների մասով ամեն ինչ նորմալ է: Ընդ որում, ուշագրավ է, որ եթե այս խնդիրը սուր էր մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում, ապա հիմա Երևանում էլ վիճակը բարվոք չէ: Ընդ որում, մեզ հետ զրույցում տարբեր դպրոցների ներկայացուցիչներ նշում էին, որ նույնիսկ վիճակագրական տվյալներն են ապացուցում, որ լուրջ խնդիր կա, սակայն իրականությունն ավելի բարդ է, քան վիճակագրության արտացոլածը: Բանն այն է, որ շատ դպրոցներում չեն կարողանում սերնդափոխություն իրականացնել, կամ փոխարինող գտնել ուսուցիչներին, որոնք ցանկանում են հեռանալ: Արդյունքում թվում է՝ կադրային բազան այդ դպրոցներում ապահովված է, սակայն իրականում այդպես չէ:

 

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Իշխանական պատգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ՔՊ-ական մեծամասնությունից ընդամենը 3 պատգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր:

Քվեարկությունից հետո միայն, երբ Վլադիմիր Վարդանյանը զարմանք հայտնեց, թե ինչու չեն ներկայացել, քանի որ բոլորը պատշաճ ծանուցվել են նիստի մասին, շնչակտուր քննասենյակ մտավ Տրդատ Սարգսյանը, բայց, ինչպես ասում են, գնացքը գնացել էր, եւ ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը, որն էլեկտրոնային ծանուցումների մասին էր:

Հիշեցնենք․ ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ, որպեսզի 2026 թվականի սկզբից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այդ համակարգով ծանուցեն։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել զբաղվել դրանով: Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենա Նանուշյանը, որը այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար եւ ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր:

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն Անահիտ Ավանեսյանը եւ ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն:

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, որպես փորձագետ, բացատրեց, որ նախարարության այս խորամանկ որոշման հետեւանքով տուժում են մեր երկրի բոլոր այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են 200 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ (ընդ որում, անհասկանալի է մնում՝ նշված 200 հազար դրամը վերաբերում է մաքուր աշխատավարձին, թե հարկերը ներառող ընդհանուր գումարին): Աշխատողները պետք է տարեկան 129 հազար դրամ ապահովագրության համար վճարեն:

Ստացվում է՝ այսօրվա գործող պետպատվերի համակարգը 2026-ից աշխատելու է 200 հազար եւ ավելի ստացող քաղաքացիների հաշվին: Իսկ ինչ են ստանալու աշխատող այդ քաղաքացիները, որոնք ապահովագրության համար 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Նրանց համար, ըստ նախարարության, առողջապահական նոր ծառայություններ մշակված չեն: Նրանք տարեկան մեկ անգամ «թեթեւ հետազոտություններ» եւ լաբորատոր ստուգումներ կարող են անցնել՝ ճիշտ այն ծառայությունները, որոնք այսօր նույն քաղաքացիները առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում ստանում են:

Ինչ է ստացվում. 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին, բայց Նանուշյանն ու Ավանեսյանը դա մատուցում են իբրեւ դարի բարեփոխում՝ առողջապահության ապահովագրություն: Մինչդեռ իրականում, փաստացի, «նոր հարկատեսակ» է ավելանում աշխատող քաղաքացիների համար»։

 

 

 

Send