Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։