Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում՝ Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Իջևան ընթացող ճանապարհին, հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա պատճառով վնասվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա, իսկ ճանապարհը այդ ուղղությամբ ամբողջությամբ փակվել է։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Այս պահին փրկարարներն ու Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները մասնատում են տապալված ծառը, որպեսզի այն հեռացնեն երթևեկելի գոտուց։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները։