Առավոտյան MediaHub-ը նկատել էր (ու լավ իմաստով զարմացել), որ ԵՊՀ ճեմասրահում Հայաստանի դրոշի հարևանությամբ տեղադրված է նաև թշնամու կողմից օկուպացված Արցախի դրոշը: Սա կապված է այն հանգամանքով, որ այս օրերին՝ հոկտեմբերի 6-10-ը, ԵՊՀ-ում անցկացվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով:
Մենք հրապարակում էինք արել այս մասով և անգամ նշել, որ ԵՊՀ ռեկտորը հաճելիորեն զարմացրել է: Բայց, պարզվեց, կա՛մ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ինքն էր զարմացել, որ իր ղեկավարած կառույցի պատերի ներսում հանդգնել են Արցախի դրոշ տեղադրել, կա՛մ էլ դա իր որոշումն էր, բայց մեր հրապարակումից հետո վերևներից ճնշում են գործադրել: Եվ մեր հրապարակումից ընդամենը մեկ ժամ անց մեր ընթերցողներից մեկը լուսանկար ուղարկեց, որից պարզ երևում է, որ Արցախի դրոշը հեռացվել է ԵՊՀ գլխավոր մասնաշենքի ճեմասրահից:
MediaHub-ը կապ հաստատեց ԵՊՀ խոսնակի հետ՝ ճշտելու, թե ինչո՞ւ է Արցախի դրոշը հեռացվել: Վերջինս նշեց, թե ԵՊՀ-ում միջոցառումների թիվը շատ է, և որպեսզի շարժին չխանգարի, դրոշները հեռացվել են:
Ճշտող հարցին, թե մեզ ուղարկված լուսանկարում մյուս երեք դրոշը տեղում է, և միայն Արցախինը չկա, խոսնակը պնդեց.
«Բոլոր դրոշները հեռացվել են, գուցե այդ պահին են ուղարկել նկարը, երբ դեռ միայն դա էր հեռացվել»:
Այդուհանդերձ, ինչպես երևում է լուսանկարից՝ ԵՊՀ ղեկավարության ուժը միայն Արցախի վրա պատեց: Հետաքրքիր է, այս հանդուգն քայլի համար ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ինչպե՞ս է պատասխան տալու՝ պաշտոնո՞վ, թե՞ ուղղակի նկատողություն կստանա…. այս անգամ:
Թարմացում
Նյութը հրապարակելուց հետո մեր զրուցակիցը լուսանկար ուղարկեց, որից պարզ է դառնում, որ ԵՊՀ-ից, մեղմ ասած, ապատեղեկատվություն են տարածել և բոլոր դրոշները, բացառությամբ Արցախի, տեղում են:
Նարե Գնունի