Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգության ու դիվերսիֆիկացիայի համար. Բրյուսելում հայտարարել է եվրահանձնակատար Մարթա Կոսը։
«500 միլիոն եվրոյի ներդրումը Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար է, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից»,-հավելել է Կոսը։
Մարթա Կոսը չի թաքցնում, որ Եվրամիության այս քայլը Հայաստանին Ռուսաստանից կտրելու համար է։ Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը նրանց չի հուզում։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Mediahub-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանը թուրքական աշխարհաքաղաքական ռազմավարության համատեքստում ինչպիսի՞ նշանակություն ու տեղ ունի. թուրքերն էլ չեն թաքցնում, որ մենք ընդամենը գոտի ենք, որը պետք է յուրացնեն թյուրքական աշխարհի մեծ ռազմավարությունն իրականացնելու ճանապարհին։ Կստացվի՞ դա, թե չի ստացվի, խնդրի մյուս կողմն է, բայց որ Թուրքիան ունի այդ ռազմավարությունը, և Հայաստանը դիտվում է որպես յուրացման ենթական գոտի՝ կլինի կոշտ, թե փափուկ ուժով, սա անկասկած է։ Մտածել, թե Թուրքիայի հետ որևէ կապակցվածություն Հայաստանի համար անվտանգային այլընտրանք է, կարծում եմ, միամտություն է և քաղաքական անադեկվատություն»։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը կարողանում է իր շահերն առաջ տանել, խոշոր խաղացողները նրա հետ հաշվի են նստում։
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նոյեմբերի 1-ին էր հայտարարել, որ Ադրբեջանը ցանկանում է Եվրամիությանը տեսնել՝ որպես «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Իսկ մեկ օր հետո Մարթա Կոսը հայտարարեց, որ իրենք ուզում են Հայաստանին կտրել ռուսական էներգիայից ու «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակում մեզ կապել վրաց-թուրքական էներգետիկ ենթակառուցվածքների հետ։
Հայաստանի իշխանություններին նախընտրական այս փուլում պետք է, որ Եվրամիությունը թեկուզ զուտ հայտարարությունների մակարդակով Հայաստանի անունն ավելի հաճախ հնչեցնի։
Եվրամիությունն ուզում է, որ Հայաստանն իր էներգետիկ անվտանգությունը կապի Թուրքիայի հետ, ոչ թե Ռուսաստանի։
Հակոբ Բադալյանը շեշտեց, որ Եվրոպայի համար գլխավորը սեփական քաղաքական նարատիվներն առաջ տանելն է։ Իրենք Կովկասը դիտարկում են Ռուսաստանի դեմ ռևանշային գոտի։
Մեր էներգետիկ անվտանգությունն իրականում սպառնալիքի տակ չէ, միայն գազն ենք ներկրում Վրաստանով։ Ունենք նաև այլընտրանքային գազամուղ Իրանից։
Քաղաքական վերլուծաբանը հիշեցնում է, որ դեռ 2014-ին Հայաստանի ֆինանսների նախարարը KFW գերմանական բանկի հետ ստորագրել է համաձայնագիր, որով 85,5 միլիոն եվրո վարկ է տրամադրվել Հայաստանին Վրաստանի էներգետիկ ցանցին միանալու համար։ Ուղղակի թեման հիմա թարմացվել է՝ այն ծառայեցնելու նախընտրական քարոզչությանը։
