Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մենք որևէ քաղաքական ներկայացում չենք բեմադրել, էդ Նիկոլը հավաքական բառ ա. Տիգրան Գյուլումյան

Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր Բյուրական՝ դիտելու ՀանդArt մշակութային կենտրոնի «Ցանկապատ» ներկայացումը։

Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ նրան դիմավորում է ներկայացման հեղինակ և բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը։ Մեկ այլ տեսանյութում արդեն տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանը քննադատում ներկայացումը՝ համարելով, որ այն որևէ հստակ ուղերձ չի պարունակում իր մեջ, որևէ հետևություն ինքը՝ որպես հանդիսատես, չի կարողացել անել, և սկսում է իր «իրական Հայաստանի» գաղափարն ու Կիրանցի պատը գովերգել։

Մինչդեռ ներկայացման հիմնական ուղերձն այն էր, որ պետք է սիրել հայրենիքն ու դրա ամեն մի սանտիմետրը, այլ ոչ թե հանձնել այն։ Ներկայացման հեղինակներն ու դերասանները, սակայն, չկարողացան լիարժեք պաշտպանել իրենց գաղափարն ու հակադարձել Փաշինյանի քննադատություններին, դեռ մի բան էլ, մեր տպավորությամբ, ընկրկեցին ու համաձայնեցին նրա ասած որոշ թեզերի հետ, վերջում էլ նկարվեցին նրա հետ։

MediaHub-ը զրուցել է գլխավոր դերակատարներից Տիգրան Գյուլումյանի հետ, որը ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրիչն է և Փաշինյանին դիմավորողը։

-Պարոն Գյուլումյան, Դուք ի՞նչ էիք զգում, երբ Փաշինյանը քննադատում էր ներկայացումը, և ինչո՞ւ համարժեք պատասխան չտվեցիք, թե որն էր ներկայացման հիմնական ուղերձը։

-Տեսեք, ինձ համար էդտեղ Փաշինյանը որպես հանդիսատես է՝ Փաշինյան չի, յուրաքանչյուր ոք էդտեղ ինձ համար հանդիսատես է, ես որևէ մեկից կաշկանդված չեմ։ Եթե որևէ հանդիատես ներկայացման հետ կապված ունի համաձայնություն կամ անհամաձայնություն, ուրեմն ներկայացումը որևէ խնդիր է առաջացրել իր մեջ։ Ես չեմ կարող 400 հանդիսատեսին անհատական նորից պատասխան տամ։ Դա նույնն է, որ ներկայացումը վերջանա, ենթադրենք՝ «Համլետ» ենք խաղում, ու վերջում ասեմ՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք, ներկայացումը սրա մասին էր կամ նրա մասին էր։

-Բայց Դուք այդ 400 հանդիսատեսից միայն մեկին՝ Փաշինյանին գնացիք դիմավորեցիք, նկարվեցիք։ Ես էլ եմ մի քանի շաբաթ առաջ այդտեղ հանդիսատես եղել, բայց ինձ չդիմավորեցիք, օրինակ։ Ինչո՞վ էր Փաշինյանն առավել ինձանից։

-Դիմավորեցի, որովհետև դա կոռեկտությունից ելնելով վիճակ էր, ոչ թե որպես Փաշինյան, այլ՝ երկրի վարչապետ։ Դա կլիներ Փաշինյանը, թե որևէ մեկը, և նույն կերպ, մի քանի օր առաջ էլ Արաքս Մանսուրյանն էր եկել, նույն ձևով գնացել դիմավորել եմ։ Բայց ինձ համար նա հանդիսատես է եղել։

-Ձեր ներկայացման ուղերձում կա՞ր Փաշինյանին ուղղված մեսիջ, պետք է հայրենիքը սիրել, այլ ոչ թե հանձնել, և հնարավո՞ր է, որ Փաշինյանը հենց դրանից էր նեղվել կամ նեղսրտել։

-Մեր ամբողջ ներկայացումը հենց դրա մասին է, որ եթե չես ուզում հայրենիքդ կորցնել, պետք է սիրես։

-Փաշինյանը չէ՞ր սիրում։

-Չգիտեմ, Փաշինյանին հարցրեք։

-Իսկ հատուկ իր համար սցենարում որևէ փոփոխություն արվե՞լ է, օրինակ՝ Նիկոլի ու Լևոնի պահը, որ Նիկոլին Լևոնը բերեց՝ Շանթը։

-Ոչ մի փոփոխություն, Նիկոլի ու Լևոնի վրա ինքը լավ ծիծաղում էր, վիդեոները կարող եմ ուղարկել։

-Ինձ ասում էին, որ կրակելու պահի հետ կապված անվտանգությունը խնդիր է տեսել, որ Փաշինյանի ներկայությամբ պետք չէ կրակել, բայց Դուք հրաժարվել եք փոխել այդ մասը։ Այդպե՞ս է։

-Ես եմ առաջարկել․․․ ոչ թե առաջարկել եմ, այլ ասել եմ, որ քանի որ անվտանգությունը տարածքում զենք է նայում, ասել եմ՝ կա զենք, որը կրակելու է, և դա չի կարող դուրս գալ։

-Համենայնդեպս, ձեզ քննադատում են, որ Դուք գնացիք, խոնարհվեցիք, նկարվեցիք․․․

-Ես չեմ գնացել խոնարհվել, ես գնացել դիմավորել եմ, ինչը, կարծում եմ, կոռեկտության մեջ է, և, նորից եմ ասում, անկախ նրանից, թե էդ պաշտոնը որ ազգանունն է կրում, ես  խոնարհվել եմ հանդիսատեսիս առաջ, ոչ թե իր առաջ։

-Տեսեք, բոլորն ընկալել էին, այդ թվում՝ ես, որ ներկայացման գլխավոր մեխը այդ պաշտոնը զբաղեցնող անձի դեմ էր, քանի որ ինքն է, որ մեր հողերը չի պահել, հանձնել է Արցախը․․․

-Ես ոչինչ չունեմ ասելու։ Դուք նայե՞լ եք ներկայացումը։ Դե, շատ լավ, ամբողջ ներկայացման մեսիջը գիտեք, ուրեմն թող Հայաստանի Հանրապետությունում լինի մեկ թատրոն, որը ունի համարձակություն նման մեսիջներով ներկայացում անելու։

-Բայց տպավորություն էր, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը) փչացրեց այդ ներկայացումը, ներկայացման գաղափարն իր խոսույթով և քննադատությամբ։

-Ես էս առումով էդքան համաձայն չեմ, թե որևէ մեկը կարող է փչացնել։ Ներկայացումը կա, որևէ տառ, որևէ բառ, որևէ ստորակետ ներկայացումից դուրս չի՛ եկել, դուրս չի՛ գալու, ու շարունակվելու է էդ ձև։ Թե քանի հոգի է համաձայն ներկայացման թեմատիկայի, գաղափարի, ասելիքի հետ՝ համաձայն է, քանի հոգի համաձայն չէ՝ համաձայն չէ, բոլորի կարծիքը ինձ համար կարևոր է, բայց, միևնույն է, դա չի կարող փոխել ներկայացման որևէ բովանդակություն։

-Դուք հենց սցենարի հեղինակն եք, ճի՞շտ է։

-Պատմվածքը Ստեփան Զորյանինն է, սցենարը և բեմադրությունը իմն է։

-Շարունակելո՞ւ եք նույն կերպ խաղալ ներկայացումը։

-Միանշանակ, հիմա շատ ավելի շատ են զանգում և ուզում են գալ, նայել՝ ես ուրախ եմ։

-PR արեց, փաստորեն, Փաշինյանը։

-Չգիտեմ՝ ինչ արեց (ծիծաղում է - խմբ․)։

-Նեղսրտվածություն կա՞ Ձեր կողմից, նեղվա՞ծ եք նրա քննադատությունից։

-Չէ, ես թեթև եմ նայում։ Նորից եմ ասում, եթե ներկայացումը կարողանում է էմոցիոնալ ֆոն առաջացնել կամ վիճակ ստեղծել, որ մարդիկ արտահայտվեն, անկախ նրանից, թե ով է, նշանակում է, որ մենք՝ որպես դերասան, ստեղծագործող խումբ, տեղում ենք, աննպատակ ոչինչ չենք անում։

-Իսկ կարո՞ղ է ինքը, ամեն դեպքում, տեսել էր իրեն ուղղված թաքնված կամ բացահայտ քննադատությունը, այն մեսիջը, որ գլխավոր բացասական հերոսը, բացասական կերպարը ինքն է, և դրանից նեղվել էր և ուզում էր կոտրել դա ինչ-որ կերպ իր «հակահարձակմամբ»։

-Ոչինչ չի բացառվում, բայց եկեք ավելի ստույգ ասեմ՝ ավելի անկեղծ լինելու համար, ինքը չի հերոսը․ 1920 թիվ ենք խաղում՝ Ղարս, երկու գյուղացի, որտեղ մեկը հավաքական չինովնիկի կերպարն ա, մեկը հավաքական մտավորականի կերպարն ա՝ էն գիժ աղջիկը մանկավարժ, մեկը հավաքական զոմբիի կերպարն ա, մեկը հավաքական գողացողի կերպարն ա․․․

-Այդ բոլոր հավաքական կերպարներից մենք հիմա ունենք։

-Այ, տեսնո՞ւմ եք, հիմա 100 տարի անցել ա՝ էլի ունենք, իսկ մեր շեշտերը նրա վրա է, հազար տարի առաջ էլ ենք ունեցել, ու քանի դեռ մենք դա ունենք, մենք էդքան վաղը, մյուս օրը անցյալով ենք խոսելու Հայաստանի մասին։ Ու ոչ թե խնդիրը որևէ չինովնիկի մեջ ա, այլ ինքներս մեր մեջ ա։

-Կա՞ր, ամեն դեպքում, մեսիջ՝ ուղղված այսօրվա իշխանությանը, այսօրվա իրողությանը, այսօրվա կորուստներին, այսօրվա ցավին և այսօրվա կառավարիչներին։

-Ոչ մի կերպ ուղղվածություն չկա, կա 1920 թվին տեղի ունեցող իրադարձության մասին ներկայացում, որն ուղղակի 100 տարվա պատմության կրկնության պես հայելանման արտացոլումն է։ Թե ով ինչ է գտնում՝ մենք չգիտենք, մենք որևէ քաղաքական ներկայացում չենք բեմադրել, հարգելիս, և չենք էլ բեմադրում։

-Ճիշտն ասած՝ բոլորի տպավորությունը ներկայացումից ճիշտ հակառակն էր, և հիմա տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանի այցից հետո փոխում եք ներկայացման գաղափարը, քանզի նույնիսկ այն, որ երկխոսություն կա՝ Նիկոլի և Լևոնի մասին և այլն, այդ անուններն էլ պատահական չեն հնչում, չէ՞։ Իհարկե, Նիկոլը Աղբալյանն էր, Լևոնը Շանթն էր, բայց պարզ է, թե ում էր ուղղված։

-Նույնականացում կար, այո, բառախաղ կա և կա նմանություն։ Այո, էնտեղ ասում ենք՝ Նիկոլը լավ լրագրող ա, լավ հրապարակախոս ա, բայց վարչապետի համար մի տեսակ չի սազում։ Նույն ձևով ասվել ա և պահպանվել ա և շարունակվում ա։

-Չստացվե՞ց, որ դա ուղղված էր այսօրվա իշխանությանը, այսօրվա Նիկոլին։

-Չէ, Աղբալյանի մասին էր։ Եթե որևէ մեկը էդպես ա հասկանում, թող էդպես հասկանա, որևէ մեկին ես չեմ մեղադրում, էդ Նիկոլը հավաքական բառ ա, էսօր համընկա՞վ էդ Նիկոլը, վաղը էդ Նիկոլը կդառնա Կարո կամ Վաղո, և էլի նույն կրկնությունները գնան։ Բայց էստեղ մենք ամբողջ ներկայացման շեշտադրումները տարել ենք նրան, որ 100 տարի պատմությունը կրկնվելով գնում ա, ու մենք դեռ չենք հասկանում, մենք դեռ չենք սկսել սիրել մեր հողը, մենք շատ սիրում ենք լացել հողի համար, մենք երբեք չսկսեցինք հողը սիրել։

-Դե, Փաշինյանին էլ էր, չէ՞, դա ուղղված, որ պետք է սիրել մեր հողը։

-Ախր Փաշինյանը հանդիսատես ա, էդ ներկայացման 400 հոգուց մեկն ա, դա Փաշինյանին ուղիղ սլաք չի ուղղվել։

-Բայց էսօրվա մեր հողերի կորստի պատասխանատուն նաև ինքն է, մեր հողերը հանձնողը նաև ինքն է, չէ՞։

-Հողերի պատասխանատուն ոչ միայն ինքն ա, այլ բոլորս ենք։ Մեր ներկայացման մեսիջն էլ ա դա՝ բոլորս ենք։ Երբ որ էդ հողերը սիրեինք, տենց չէր լինի։

-Էլի ժողովո՞ւրդն է մեղավոր։

-Իսկ ո՞վ է ծնում․․․

-Իշխանությունների՞ն։

-Այո։

-Վատ կամ լավ իշխանություններին, հողը չսիրող իշխանությունների՞ն նկատի ունեք։

-Բոլոր․․․ Գիտե՞ք ինչ, քաղաքական հարցեր եք տալիս, ես չեմ ուզում մտնել դրա մեջ, բայց եթե որևէ մեկը հասկանա, որ էդ ժողովուրդը սիրում ա էդ հողը, դա կլինի թշնամին, թե իշխանությունը, շա՜տ վախենալով ա մոտենալու էդ հարցին։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան

Send