Վերջին օրերին հաճախ ենք ականատես լինում միջադեպերի, որոնց կիզակետում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներն են: Հերթական դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չէր գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել էր մյուս կայանված մեքենային։
Վարորդը փորձ էր արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել էր երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների և մյուս մեքենայի վարորդի օգնությամբ տուժածը դուրս էր բերվել և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։
MediaHub-ը «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանից հետաքրքվեց, թե ի՞նչ վիճակում է վարորդը դեպքից երկու օր անց։
Ստեփանյանը նշեց, որ հիվանդանոց տեղափոխելու պահին վարորդի կյանքին վտանգ չի սպառնացել, նա բազմաթիվ սալջարդեր, կոտրվածքներ է ունեցել։
Նախնական տեղեկություններով՝ տուժողի վիճակը գնալով վատացել է, երեկ ամբողջ օրը չի հաջողվել նրան բերել միջին վիճակի, որպեսզի շտապ վիրահատություն կատարվի։
MediaHub-ի տեղեկություններով՝ վարորդն արդեն վիրահատվել է:
Թարմացում։ Տեղեկացնում եմ, որ օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։ Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
Էմմա Մարտիրոսյան