Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ MediaHub TV

Բաքվից ասում է՝ մի լացի, առողջ եմ, ձայնս լսում ես, բա մարդիկ ի՞նչ ասեն, որ հարազատների ոսկորների տեղը չգիտեն

Blog Image

MediaHub-ն արդեն անդրադարձել է  մամուլում այսօր տեղ գտած հրապարակմանը, համաձայն որի՝ ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել 10 անունից կազմված ռազմագերիների ցուցակ, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լեւոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: Հրապարակման համաձայն, սակայն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման եւ վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ:
MediaHub-ը անոնիմ զրուցել է գերեվարվածների հարազատների հետ և նրանք բոլորը նշում են՝ ցուցակից տեղյակ չեն, կարդացել են համացանցում:

«Ոչ մեկ չի զանգել, սոցցանցերից եմ իմացել, չգիտեմ էլ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ։ Աբազյանի՝ նախկին ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումներ եղել են, առողջական խնդիրներից ելնելով ես գնացել եմ մի քանի անգամ, նա մեզ ասում էր, որ հույսներս չկտրենք, որ վաղ թե ուշ գալու են։ ԱԱԾ նոր տնօրենի հետ հանդիպում չենք ունեցել»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց գերիի հարազատներից մեկը։ 

Վաղը՝ չորեքշաբթի օրը, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների զանգելու օրն է, նրանց հնարավորություն է տրվելու զրուցելու իրենց հարազատների հետ, բայց և որևէ մեկը չի պատրաստվում նրանց պատմել այդ հրապարակման մասին, հուսադրել, թե նման ցուցակ կա ու շուտով վերադառնալու են Հայաստան: 

«Չէ, ո՞նց ես կարամ ասեմ իմ հարազատին, բա որ սխալ եղավ ինֆորմացիան: Ընդհանրապես, երբ զանգում է, փորձում եմ միայն լավը պատմել, հարցնում եմ՝ ինքը ո՞նց ա, ասում եմ՝ մեր մասին մի մտածի, մենք լավ ենք, հույսը չկտրես։ Ինքն էլ ասում է՝ իմ մասին մի մտածեք, արխային եղեք, ես լավ եմ, մի օր գալու եմ դուռը ծեծեմ, մտնեմ տուն»,– պատմեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ զանգերը Բաքվի բանտից տևում են 10-12 րոպե, լինում են օրեր՝ 3-5 րոպե, ֆիքսված չէ, օր է լինում առավոտն է զանգը լինում, օր է լինում՝ երեկոյան, և ամբողջ օրը անհամբեր սպասում են զանգին, որ լսեն իրենց հարազատի ձայնը։

«Որ զանգում է, լացում եմ, չեմ կարողանում լացս պահեմ, Բաքվից ասում է՝ մի լացի, ես կամ, առողջ եմ, ձայնս լսում ես, բա մարդիկ ի՞նչ ասեն, որ իրենց հարազատների ոսկորների տեղը չգիտեն: Ես էլ մեկ է լացում եմ, ասում եմ՝ շատ ցավոտ է, իրենց համար էլ եմ տառապում, բայց ամենաշատը քո համար, մենակ ենք առանց քեզ, սպասում եմ քո վերադարձին․․․ Սա է, ես ուզում եմ բոլորը վերադառնան․․․»,– լացը չկարողանալով զսպել հավելում է մեր զրուցակիցը։

Send