Տպավորություն է, որ եթե վաղը Ալիևը որոշի հայտարարել, որ ադրբեջանցի մասնագետները պարզել են, որ Նիկոլ Փաշինյանն արմատներով ադրբեջանցի է ու առհասարակ հայերը ծագել են ադրբեջանցիներից, դարձյալ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ հակադարձում չի հնչի, կամ կլինի այնպիսի արձագանք, որն անուղղակի կհաստատի Ալիևի «ճշմարտացիությունը», ինչպես այսօր, երբ «Օրբելի» ֆորումին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալիևի այն հայտարարություններին, որ քարտեզի վրա Սևանա լիճ գոյություն չի ունեցել, այն Գյոլչան է ու ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք։ Իհարկե, որպես սփոփանք, Ալիևը մեզ մխիթարեց, որ դրանից թող հայ ժողովուրդը չանհանգստանա։ Գուցե և լինեն որոշ քանակությամբ ՔՊ-ականներ, որոնց Ալիևի խոսքերը հուսադրում են, սակայն հայ ժողովուրդն իրեն շատ ավելի պաշտպանված կզգար, եթե հզոր հակադարձում տեսներ իր սեփական երկրի ղեկավարի կողմից։
Այնինչ Նիկոլ Փաշինյանը միայն խորհուրդ տվեց ընդհանրապես չքչփորել անցյալը ու որպես պատմության մեկնարկ համարել 2025 թվականի օգոստոսի 8-ը, երբ նախաստորագրվել է «խաղաղության համաձայնագիրը»։ Նման արձագանքով Փաշինյանը անուղղակի հաստատեց, որ այո՛ նախկինում Սևանա լիճը գուցե և կոչվել է Գյոլչա, բայց ինչ կարիք կա հղում անելու պատմությանը։ Նմանատիպ պահվածքը հերթական նվերն էր Ալիևին, քանի որ Փաշինյանը կա՛մ տգիտության, կա՛մ դավաճանության արդյունքում Ալիևի առաջ կանաչ լույս վառեց, որպեսզի նա միջազգային հարթակներում հիմնավորի ոչ միայն Սևանա լճի, այլ ընդհանրապես Հայաստանի տեղանունների ադրբեջանական ծագումը։
Նիկոլ Փաշինյանի հետագա համեմատությունները Մոնղոլիայի, Ալեքսանդր Մակեդոնացու կամ Հռոմեական Կայսրության հետ թեպետ անգրագիտության շքերթ էին, սակայն հավելյալ անգամ ամրապնդեցին Ալիևի խոսքերի «ճշմաիրտ» լինելը։ Մինչ Ալիևը ողջ Հայաստանը համարում է պատմական Ադրբեջան, Նիկոլ Փաշինյանն ընդամենն ասում է, եկեք չխորանանք պատմության մեջ, հակառակ դեպքում բա ի՞նչ կասեն մոնղոլները, ի՞նչ կասեն իտալացիները, նշելով Հռոմեական Կայսրությունը, ի՞նչ կասեն հույները, հիշելով Ալեքսանդր Մակեդոնացուն։ Ամենայն հավանականությամբ, «կրթվելը նորաձև է» ծրագիրը շրջանցել է Նիկոլ Փաշինյանին, հակառակ դեպքում նա կիմանար, որ ներկայիս Իտալիան չի համարվում Հռոմեական Կայսրության իրավահաջորդը, իսկ մոնղոլներն ու հույները նախկինում նվաճված տարածքները չեն համարում իրենց հայրենիքի մաս։ Իսկ Ալիևը ադրբեջանցիների հայրենիք է համարում Հայաստանի ողջ տարածքը։ Այս միտքն ամրապնդելուց հետո Ալիևը առաջ է քաշելու հաջորդ թեզը, եթե Հայաստան գոյություն չի ունեցել, ապա հայերը կամ քոչվոր ցեղեր են, որոնք օկուպացրել են պատմական Ադրբեջանի տարածքները, կամ կրոնափոխ եղած ադրբեջանցիներ են։
Բացի այդ, այսօրվա ֆորումի ընթացքում Փաշինյանը Ադրբեջանի՝ Հայաստանի ողջ տարածքի հանդեպ ունեցած նկրտումների համար մեղադրեց հայերին։ Ըստ նրա՝ եթե մենք ադրբեջանական տարածքները անվանում ենք Ջրական կամ Կովսական, բնական է, որ նրանք էլ պետք է Երևանը համարեն ադրբեջանական։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, Փաշինյանը տառացիերոն հայերին է մեղադրում նաև ցեղասպանության համար։
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Փաշինյանը անասնական վախ զգում Ալիևից։ Խնդիրը միայն պարտվածի բարդույթավորումը չէ հաղթողի հանդեպ։ Փաշինյանն իր «խաղաղության» ողջ հիմնավորումը կառուցում է այն հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ չեն հնչում։ Հետևաբար Ալիևին կոշտ հակադարձելու պարագայում կարող է ինչ-որ մի «հարբած» ադրբեջանցի ընդամենը մեկ րոպե տևողությամբ անկանոն կրակահերթ հնչեցնել, թեկուզ առանց թիրախավորման։ Այդ մեկ րոպեն բավական կլինի, որպեսզի փլուզվի Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը», ինչն էլ իր հերթին կվտանգի 2026 թվականին նրա վերարտադրության հնարավորությունը։
Կարեն Կարապետյան
