Տպավորություն է, որ Ալիևը պահանջել է բանակին զուգահեռ կազմալուծել նաև առողջապահական համակարգը, ու ներկա պահին ՀՀ իշխանությունների կողմից ընթանում է գրոհ՝ երկու ուղղություններով։
Հազիվ էինք հարմարվել այն մտքին, որ ՀՀ առողջապահության նախարարը մասնագիտությամբ իրավաբան է ու բժշկության հետ որևէ կապ չունի, երբ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ բուժքույրը։ Այս ընտրությամբ ՔՊ-ն, կարծես, փորձել է որոշ չափով կոմպենսացնել գործադիր ու օրենսդիր մարմինների տվյալ հատվածներում առաջացած բացերը։ Առաջին պարագայում ոլորտի ղեկավարը թեպետ ունի բարձրագույն կրթություն, սակայն հեռու է իր ոլորտից, երկրորդ դեպքում հանձնաժողովի նախագահը, թվում է, մոտ է բժշկությանը, սակայն չունի համապատասխան կրթություն։
Նախքան հանձնաժողովի նախագահ ընտրվելը ՔՊ-ական տիկինը պաթետիկ ելույթներ ունեցավ ԱԺ ամբիոնից, ու, կարծես, պետք է հանդես գար ծրագրերով, թե ինչպիսի պատկերացումներ ունի բժշկական համակարգի մասին, ինչ կարող է առաջարկել, առկա խնդիրներին ինչպիսի լուծումներով է հնարավոր մոտենալ, բայց ելույթը ամբողջովին սահմանափակվեց բացառապես պաթոսով ու մի քանի թիրախավորմամբ։
Առաջին թիրախն ինչպես միշտ նախկիններն էին։ Ընդհանրապես ՔՊ-ական խմբակի մոտ քաղաքականությունը ընկալվում է նախկինների քննադատմամբ։ Նախկիններին խիստ քննադատելու դեպքում տվյալ ՔՊ-ականն արժանանում է քաղաքական գործչի կոչման, իսկ եթե դրան հավելում է նաև հայհոյանքներ, ապա վերջ՝ պետական գործիչ է։ Սույն տիկինը առաջին քայլն արեց, թեպետ մինչ այդ պատգամավոր էր, բայց այժմ արդեն քաղաքական գործիչ է։
Հաջորդ թիրախը, որքան էլ տարօրինակ թվա, բարձրագույն կրթությունն է։ Նրա խոսքում զգացվում էր այնպիսի ատելություն բարձրագույն կրթության հանդեպ, կարծես, բարձրագույն կրթություն ունեցողներն են մեղավոր, որ ինքը ժամանակին չի ընդունվել կամ չի դիմել բարձրագույն որակավորում ստանալու համար։ Իհարկե, բարձրագույն կրթությունն ամենևին չափման միավոր չէ, ու երբեք չպետք է նսեմացնել միջին մասնագիտական որակավորում ունեցողների դերը։ Որքան հարգանքի, որ արժանի են բժիշկները, ու որքան կարևոր է նրանց դերը մարդկանց առողջության ու կյանքի հարցում, այդքան էլ հարգանքի են արժանի բուժքույրերը ու ունեն ոչ պակաս կարևորություն։
Սակայն դա չի նշանակում, որ բարձրագույն կրթությունն այլևս անկարևոր է ու որևէ նշանակություն չունի։ Իհարկե, լինում են բացառություններ, ու պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ բարձրագույն կրթություն չունեցողը դառնում է պատգամավոր, սենատոր, կոնգրեսմեն, ընդհուպ երկրի ղեկավար, բայց լսելով Հռիփսիմե Հունանյանի ելույթները (այդպես է այդ տիկնոջ անունը) նա հաստատ այդ դեպքը չէ։
Նրա սոսկ ներկայությունն Ազգային ժողովում հիշեցնում է «հին ու բարի» խորհրդային ժամանակները, երբ դեպուտատներ էին «ընտրվում» կթվորուհիները, բանվոր-բանվորուհիները, այգիներում աչքի ընկած միրգ հավաքողները, մի խոսքով, բանվորագյուղացիական դասակարգը։ Ու ինչպես այն ժամանակներում, երբ այդ դեպուտատները ոչ մի նշանակություն չունեին, այլ միայն օգտվում էին իրենց համար նախատեսված արտոնություններից ու կողմ քվեարկում ԽՄԿԿ բոլոր առաջարկներին, ճիշտ այդպես էլ այսօրվա իշխող ուժի պատգամավորների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ՝ բոլորը։
Ինչ վերաբերում է նրա խոսքի մյուս հատվածին, ապա, ճիշտն ասած, այն մի փոքր նմանվում էր մահախոսականի։ Որքան սեր է եղել նրա կենսագրությունում, որքան նվիրում իր աշխատանքին, որքան բարություն մարդկանց նկատմամբ…
Ինչևէ, խնդիրն ամենևին սույն տիկինը չէ, նա մեղավոր չէ, որ հայտվել է Ազգային ժողովում։ Նա նույնիսկ չի էլ գիտակցում, որ դա իր տեղը չէ։ Խնդիրը պետության բոլոր ոլորտների աստիճանական ու հետևողական ավերումն է, որի պատասխանատուն ու մեղավորը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է։
Կարեն Կարապետյան