Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Զարհուրելի է գիտակցելը, որ գործ ունենք ոչ մի սահման ու բարոյական ոչ մի արգելք չունեցող իշխանության հետ

Blog Image

Հավանաբար հայոց պատմության մեջ երբևէ չի եղել այս աստիճան բարոյազրկված, որևէ արժեհամակարգ չունեցող, որևէ սահման չճանաչող այնպիսի իշխանություն, ինչպիսին ներկայիս վարչակազմն է։ Ու ամենազարհուրելին այն է, որ ցանկացած գործողություն ուղիղ ծրագրավորվում ու ղեկավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մարդը, որը ժամանակին իր սեփական օրաթերթը կայացրեց մարդկանց մասին արատավոր տեղեկություններ հրապարակելով ու շանտաժի ենթարկելով, այդպես էլ շարունակում է գործել նույն տրամաբանությամբ, բայց այս անգամ երկրի ղեկավարի պաշտոնում։

Բայց եթե ժամանակին նրա օրաթերթը ապականում էր լրատվական դաշտը, այսօր այս անձը, լինելով վարչապետ, քայքայում է հասարակական կառուցվածքը, միջանձնային հարաբերությունները, ազգային արժեքներն ու հենասյուները։ Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ թևակոխում էր Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակման վճռական փուլ, անոնսեց. «Սրբազան, դու քեռուդ կնգան շարունակի դեմփել, ի՞նչ գործ ունես մեզ հետ»։ Այս գռեհիկ, երկրի ղեկավարին ոչ հարիր հայտարարությունից հետո ակնհայտ դարձավ, որ խոսքին հաջորդելու է «գործը», ու թիրախում լինելու են այն հոգևորականները, որոնք ամենաակտիվն են հակազդում Նիկոլ Փաշինյանի ապազգային ու պետականակործան գործունեությունը, որոնց թվում է Արշակ Սրբազանը։

Հիշենք թեկուզ Սրբազանի նզովքի «ակնարկը» Ծիծեռնակաբերդից՝ ուղղված Հայոց Ցեղասպանությունն ուրացողներին, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակվողներին, ազգն ու հայրենիքը դավաճանողներին…թեպետ ոչ մի անուն չհնչեց, բայց կա՞ արդյոք մեկը, որը չհասկացավ նվոզքի հասցեատիրոջը։

Ու այսօր տելեգրամյան ինչ-որ ալիք հրապարակեց Արշակ Սրբազանի անձը վարկաբեկող տեսանյութեր, ու բացարձակ կապ չունի այլևս, այդ տեսանյութերն իրական են, թե՞ արհեստական բանականությամբ ստացված։ Կարևորն այս իշխանությունների՝ ոչնչի առջև կանգ չառնելու գործելաոճն է, որի համար գրոշի արժեք չունեն հոգևորականի հեղինակությունը, տեսանյութում երևացող կնոջ արժանապատվությունը, ՀՀ քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Այս քայլով իշխանությունը ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին, ողջ հանրությանը, պարզ ցույց է տալիս, որ յուրաքանչյուրի, որը դեմ կգնա մեզ, նրանց տներում կտեղադրենք տեսախցիկներ, արհեստական բանականությամբ կստեղծենք տեսանյութեր, բոլորիդ անձնական կյանքը, սեռական կյանքը, վարքն ու բարքը, նույնիսկ զուգարան գնալը կհանրայնացնենք։ Այս իշխանությունն ուղիղ տեքստով ասում է, որ մեզ համար չկան բարոյական սահմաններ, չկան արգելքներ։ Այս իշխանությունները Ստեփան Ասատրյանի (նախկինում Տեր Արամ) տեսքով մարդկանց ասում է՝ եթե դուք շարունակեք ընդունել այն հոգևորականներին, որոնց մերժում է նիկոլական վարչակազմը, մենք կբուծենք ֆեյք հոգևորականների ու նրանց կպարտադրենք ձեզ։

Ցանկացած ողջամիտ մարդ հստակ գիտակցում է, որ այն տեսանյութերը, որոնք հրապարակվեցին, իրականում վարկաբեկեցին ոչ թե Արշակ Սրբազանին, այլ ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք հասկացան, որ ցավալիորեն ունեն այնպիսի իշխանություն, որն ունակ է ճղճիմ ու ստորաքարշ քայլերի, ցանկացած ողջամիտ մարդ գիտակցում է, որ Ստեփան Ասատրյանի միջոցով իշխանությունը փորձ է անում ճնշել ոչ միայն քաղաքական գիտակցությունը, այլև վերացնել հոգևոր զգացողությունը, արմատախիլ անել հավատքն ու ակնածանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

Իսկ բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար, թե ակամա տուրք կտան այսօրվա տարածված տեսանյութերին, ապա թող լավ իմանան, որ վաղն իրենցից յուրաքանչյուրի տեսքով կարող են ստեղծվել տեսանյութեր, որոնց կեղծ կամ իրական լինելն էլի են շեշտում այլևս որևէ նշանակություն չի ունենա, որովհետև վարկաբեկող որդն արդեն կսկսկի անել իր քայքայիչ գործը։

Մի հին անկեկդոտ կա.

Մեկը, հանդիպելով մյուսին, ասում է՝ արդեն մի 100 հոգու ասել եմ, որ քույրդ մարմնավաճառ է։ Սա ասում է՝ բայց ես քույր չունեմ։ Զրպարտիչը պատասխանում է՝ դա արդեն ինձ մի ասա, այլ էն 100 հոգուն։

Այնպես որ, տեսանյութի կեղծ, թե իրական լինելը տվյալ պահին անիմաստ քննարկում է։ Նախ երկու դեպքում էլ երևույթը դատապարտելի է, երկրորդը՝ երկու դեպքում էլ դա հեղինակները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Եվ վերջում, թող ոչ ոք չմոռանա, որ ուրիշի համար փոս փորողը մի օր ինքն է ընկնում իր փորած փոսը։ Կյանքի օրենքն է այդպես, որը գործում է անշեղորեն. «Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»։

Կարեն Կարապետյան

Send