Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնց թիվը պաշտոնապես դեռ չի հրապարակվում, սակայն իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի և վիրավորների թվում են նաև խաղաղ բնակիչներ։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ ԱՄՆ–ն հայտարարել է, որ չի օգնել Իսրայելին Իրանին հարվածելու հարցում: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։
Ի՞նչ իրավիճակ է այժմ Իրանում, հայ համայնքում ինչպիսի՞ տրամադրություններ են, արդյո՞ք կա խուճապ․ MediaHub-ը զրուցեց Թեհրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանի հետ։
«Բարեբախտաբար հայկական թաղամասում, հայերով բնակեցված թաղամասում ռմբակոծություն տեղի չի ունեցել, Թեհրանում ռմբակոծություններ տեղի են ունեցել արևելյան և արևմտյան շրջաններում»,– ասաց Հայ դատի հանձնախմբի նախագահը։
Ըստ Յունանեսյանի՝ դեռ շատ վաղ է լրացուցիչ տեղեկություն ունենալու համար, նշեց՝ դեռ հանդարտ է Թեհրանում։ Քաղաքի կենտրոնը, որը հայաբնակ է, չի թիրախավորվել։
«Բարեբախտաբար, հայերի շրջանում ոչ մի վիրավոր կամ մահ չի գրանցվել։ Ընդհանրապես, այժմ քաղաքում հանդարտ է, ոչ մի խուճապ չկա, ժողովուրդն իրենց տներում է, այսօր էլ ուրբաթ է, արձակ օր է այստեղ»,– ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ կանխատեսում ունի, Իսրայելի հարվածները շարունակվելու են, Իրանը հակահարված կտա՞, Յունանեսյանը նշեց․ «Բնականաբար, իրանական կողմն արդեն հրթիռներ է ուղարկել Իսրայելին, և Իրանը լուրջ պատասխան է պատրաստում։ Իրանական ղեկավարությունը խոսում է, որ կպատասխանի շատ կոշտ, դեռ շուտ է, բայց մի քանի ժամից կտեսնենք, ինչ է լինելու»։
Մարիաննա Արամյան